Մատչելիության հղումներ

«Ես աթոռից կառչած չեմ՝ ես շատ գործ ունեմ անելու»․ Բալասանյան


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան, արխիվ

Սամվել Բալասանյանը պատրաստ է դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե հանրային պահանջ լինի: Այդ մասին Գյումրիի քաղաքապետը հայտարարեց այսօր հրավիրած 2018 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Մամուլը ժամանակ առ ժամանակ գրում է Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին: Թեև անկուսակցական է, սակայն երկու տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրել էին Հանրապետականն ու Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը:

«Եթե կա հասարակական պահանջ, հենց էս պահին գրեմ դուրս կգամ՝ հենց էս պահին: Ես աթոռից կառչած չեմ՝ ես շատ գործ ունեմ անելու, հասկանո՞ւմ եք: Էսօր կա ձևաչափ՝ տված կառավարության կողմից, հստակ: Կա՞ համայնքի պահանջը, որը էսօր էդ ձևաչափով է՝ հարց չկա, նույն րոպեին հրաժարական կտամ: Ես արժանապատիվ մարդ եմ», - ասաց Գյումրիի քաղաքապետը:

«Ես էն տրամաբանությամբ եմ աշխատել, ինչ որ ուզում է էս կառավարությունը՝ կաշառք չենք վերցրել, կոռուպցիա չի եղել», - վստահեցրեց Բալասանյանը՝ հավելելով․ - «Պարզ է՝ աշխատանքի ընթացքում եղել են տարբեր տեսակի թերություններ, բայց էդ թերությունները կապված չի եղել, այո, էդ կոռուպցիոն ռիսկերի հետ, և այլն, և այլն»:

Նոր իշխանությունների հետ աշխատանքը ստացվում է, ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հիմա բավականին ուշադրություն է դարձվում Գյումրիի խնդիրներին:

Դեկտեմբերի 7-ին կառավարության արտագնա նիստում վարչապետի հանձնարարարությամբ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբը, որը գույքագրելու է, թե, ի վերջո, քանի տնակ կա քաղաքում և քանի ընտանիքի նկատմամբ կա պարտավորվածություն: Ըստ այդմ նաև կհստակեցվի, թե որքան գումար է անհրաժեշտ:

Գյումրիում առաջնային է նաև փողոցների անմխիթարական վիճակի խնդիրը: Այս տարվանից մեկնարկեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական միջոցներով ճանապարհաշինական մեծ ծրագիրը, հետո Համաշխարհային բանկը ֆինանսական միջոցներ տրամադրեց, և նաև տեղական բյուջեով ու կառավարության համաֆինանսավորմամբ փողոցների ու հրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ մեկնարկեցին: Գարնանը 12 կիլոմետր ճանապարհ շահագործման կհանձնվի, զուգահեռ կմեկնարկի հաջորդ տարվա փողոցաշինության ծրագիրը՝ կրկին ֆինանսական նույն աղբյուրներից:

Գյումրեցիները, սակայն, դժգոհում են, որ աշխատանքները դանդաղ են ընթանում, ու քանդված փողոցները հավելյալ դժվարություններ են առաջացնում: Քաղաքապետը արդարացի է համարում բնակիչների բողոքը, բայց ասում է՝ անհնար է նման ծավալի աշխատանք իրականացնել առանց բնակիչներին անհանգստացնելու:

Հաջորդ տարի վերանորոգվող փողոցների ցանկը հայտնի է, և քաղաքապետարանը հայտարարում է՝ եթե այդտեղ ապրողները պատրաստ չեն անհարմարություններին, կարող են նամակով դիմել քաղաքային իշխանություններին, և այդ փողոցի փոխարեն մեկ ուրիշը կընդգրկվի ցուցակում:

«Չե՞ք ուզում՝ չենք կառուցի, ուրիշ փողոց կկառուցենք: Մենք ունենք 180 հատ փողոցներ Գյումրի քաղաքում, 220 կիլոմետր երկարությամբ փողոցներ: Էնպես որ՝ հիմա 40 կիլոմետրը այլընտրանք շատ հեշտ է գտնել: 33 հատ փողոցներ պետք է կառուցենք 2019 թվականին», - ասաց Բալասանյանը:

Երեք տարի առաջ էլ դիմել էին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, որպեսզի ռուսական կողմը 10 կիլոմետր ճանապարհ կառուցի, որով պետք է երթևեկեր ռուսական բազայի ծանր տեխնիկան՝ այն աժմ քաղաքի փողոցներով է անցնում և քարուքանդ անում դրանք: Սամվել Բալասանյանն ասում է՝ եկան ուսումնասիրեցին, չափագրեցին ու գնացին:

«Ասել եմ դեսպանին, և մի քանի օր առաջ նորից հանդիպում էր՝ նորից ասեցի՝ կառուցեք, փչացնում եք ճանապարհները, անհնարին է», - տեղեկացրեց քաղաքապետը՝ հավելելով․ - «Այսինքն, պիտի անեն: Նորից պահանջելու եմ, որ անպայման իրենց խոստման տերը կանգնեն»:

Գյումրին հիմա սպասում է կառավարության հաստատմանը, որ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ևս երկու ծրագիր իրականացնեն՝ արևային էներգիայով աշխատեն քաղաքապետարանի ենթակայության հաստատությունները և տրանսպորտի խնդիրը լուծվի՝ 50-60 ավտոբուսի ձեռքբերմամբ:

«Էդ 60 հատ ավտոբուսը եթե քաղաքում լինի, լրիվ կարող ենք քաղաքը տրանսպորտի հետ կապված իդեալական շահագործել», - վստահեցրեց քաղաքապետը:

Մոսկվաբնակ գյումրեցի գործարարներն էլ խոստացել են ժամանակակից կանգառներ կառուցել: Գյումրիի Բարեկամության այգում գործարար Ռուբեն Վարդանյանն էլ ցանկանում է ժամանակակից այգի կառուցել, իսկ շվեյցարահայ գործարար Վարդան Սըրմաքեշը ժամացույցների պահեստամասերի գործարան է հիմնելու: Բալասանյանը այսօր հավաստիացրեց, որ երկուսն էլ կիրականանա:

Նախատեսվում է նաև Իսրայելի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Գյումրիում լոգիստիկ կենտրոն հիմնել: Քաղաքապետը հայտնեց, որ տարածքին ազատ տնտեսական գոտու կարգավիճակ արդեն շնորհվել է: «Սկզբից որ եկավ, ինձ համար ասի՝ երևի սա հեքիաթ է, ինչ է էս մարդու ասածը, որ 2 միլիարդ ներդրում, չգիտես, հազար աշխատատեղեր, և այլն: Հիմա համոզվում եմ, որ, այո, ուսումնասիրելուց հետո համոզվում եմ, որ անելու են միանշանակ», - ասաց Սամվել Բալասանյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողով անցկացնել Գյումրիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG