Մատչելիության հղումներ

Տաթևիկ Ռևազյան․ Նախապես չեմ իմացել, որ խոսելու եմ Ադրբեջանի ներկայացուցչի հետ


«Ծանոթություն է եղել ինչպես մյուս բոլոր երկրների, այնպես էլ Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի հետ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը, ով վերջին օրերին օնլայն հարթակում քննադատության թիրախում հայտնվեց առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի հետ հանդիպելու համար:

Ռևազյանն ասաց, որ հանդիպումը եղել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա գործուղման շրջանակում. - «Մի քիչ դժվար ա համաձայնեցնել մի բան, ինչի մասին ես չեմ իմացել: Ես գնացել եմ այդ այցին, նախապես չեմ իմացել, որ ես խոսելու եմ Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Դա պլանավորված չի եղել․․․ Պատկերացրեք մի փոքր սենյակ, որտեղ բոլորս սուրճ ենք խմում, քաղավիացիայի պետերը տարբեր երկրներից․․․ մենք սուրճ ենք իրար հետ խմել, ոչ մի յուրահատուկ հարց չի քննարկվել Հայաստանի հետ կապված, Ադրբեջանի հետ կապված, մեր հարաբերությունների հետ կապված, ոնց բոլոր կոլեգաների հետ, ես ծանոթացել եմ Ադրբեջանի քաղավիացիայի պետի հետ: Ստեղ ուզում եմ շեշտեմ, որ քաղավիացիան քաղաքական կառույց չի: Մենք ապահովում ենք թռիչքային անվտանգությունը, և թռիչքային անվտանգությունը ապահովելու համար մենք պիտի շփվենք մեր հարևան երկրների հետ: Ադրբեջանն ու Թուրքիան մեր հարևան երկրներն են, եթե մի բան պատահի օդում, մենք պիտի կարողանանք կապ հաստատենք էդ մարդկանց հետ»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև այս հարցին՝ հստակեցնելով, որ վարչապետի որոշմամբ ԱԳ նախարարության հետ համաձայնեցվում են բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումներն ու դրանց ընթացքում ծրագրվող հանդիպումները, սակայն Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի այդ հանդիպումը ծրագրված չի եղել, հետևաբար չէր էլ կարող համաձայնեցվել:

Նաղդալյանը հավելել էր․ - «Պետք է ուղղակի դիտարկենք, որ դա բազմակողմ հարթակ է, որտեղ ներկայացված են բոլոր երկրների ներկայացուցիչները: Ուստի հանդիպումների հավանականությունը բազմաթիվ է»:

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև իր ղեկավարած կառույցի համար 13,4 մլն դրամով նոր «Տոյոտա» մեքենա ձեռք բերելու որոշման հրապարակումից հետո։

Հարցին, թե արդյոք չի կարծում, որ դա ավելորդ շքեղություն է Հայաստանի համար, Ռևազյանն արձագանքեց․ - «Այո, կարծում եմ: Լրիվ համամիտ եմ: Հիմա ասեմ ոնց ա էս ամեն ինչը եղել: Ընդհանրապես ինձ համար կարևոր չի, թե ինչ մակարդակի է էդ մեքենան, կարևոր էր, որ Ա-ից Բ կետ կարողանամ հասնել: Մանավանդ որ մեր օֆիսը օդանավակայանում ա: Եթե կարողանային հեծանիվով գնալ, հեծանիվով կգնայի: Ես Դանիայում եմ մեծացել ու ամեն օր հեծանիվով եմ գնացել գործի: Ինձ այսպես են ներկայացրել խնդիրը․ ասել են՝ բյուջեում նախատեսված գնում էր, հաստատված ա եղել ֆիննախից: Եվ դա իմանալով, ես ասել եմ, թե ինձ համար պետք չի ընդհանրապես թանկ մեքենա: Ես դա պարզ ասել եմ: Դրանից հետո ինչ ա արվել էդ մրցույթը, ոնց ա արվել, ես տեղյակ չեմ: Ու էդ ուսումնասիրությունը անելու եմ, որովհետև ես լրիվ կողմ եմ, որ Հայաստանի համար դա թանկ մեքենա ա: Ես մեքենաներից չեմ հասկանում, ես գներից չեմ հասկանում, ես նոր եմ իմացել, որ դա թանկ մեքենա ա»:

Նա հավելեց, որ պատրաստ է հրաժարվել այդ մեքենայից:

«Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին, իսկ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով։

Ներկայումս Ռևազյանին սպասարկում է «Շկոդա» մակնիշի մեքենա, որը փաստացի պատկանում է կոմիտեի կառավարման ենթակայությամբ գործող «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը․ - «Գիտեմ, որ այն մեքենան, որ հիմա իմ վարորդն ա քշում, շատ ավելի թանկարժեք մեքենա ա՝ համեմատած էս նոր գնված մեքենայի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG