Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչև 2018-ը հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ռեեստրում գրանցում չեն ունեցել:
Ըստ հաղորդագրության, 45 դեպքերում գազի շարժական լցավորման կայանները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, իսկ 12 դեպքերում գրանցված չեն եղել ՊԵԿ մարմիններում:
Դատախազությունը նշում է, որ ուսումնասիրության արդյունքում, արձանագրված խախտումների կապակցությամբ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 60 դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ:
Վարչական վարույթներով 32 անձինք ենթարկվել են տուգանքի, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 35 մլն դրամ:
«Գրանցում չունեցող 12 դեպքերի վերաբերյալ հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերի առթիվ հարուցվել են 4 քրեական գործեր: Բացի այդ, արձանագրված խախտումների կապակցությամբ միջնորդագրեր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարություն և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` արձանագրված խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոլորտի հստակ իրավական կարգավորման հարցերը քննարկելու համար», - ասված է հաղորդագրությունում: