Մատչելիության հղումներ

Մեկնաբան․ Հնազանդության քաղաքականությունը պետք է փոխարինենք խոսելու քաղաքականությամբ


Վլադիմիր Պուտինի երեկվա պատասխանը հայ լրագրողի հարցին քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը գնահատում է որպես Ռուսաստանի կողմից պատրաստակամություն առաջիկա բանակցությունների ընթացքում է՛լ ավելի ամրապնդելու հայ-ռուսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյան
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյան

«Խոսքը այն բանակցությունների մասին է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի են ունենալու Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև։ Այսինքն, դա բանակցություններից առաջ այդպիսի բարի տրամադրվածության, բարի կամքի արտահայտություն էր, և դա ես գնահատում եմ որպես նախանշան, որ այդ բանակցությունները կընթանան հաջող, որքան էլ որ գաղտնիք չէ, որ կնճռոտ, լուծման կարիք ունեցող հարցեր կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Երեկ գրեթե 4 ժամ տևած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո, զարմանքով ասաց․ «Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք: Որևէ բան փուլ չի եկել, և վերականգնվելու կարիք չունի։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, Եվրասիական միության և ՀԱՊԿ անդամ է: Ի՞նչը պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, Ռուսաստանի նախագահի պատասխանը բավական ռացիոնալ և առողջ էր․ - «Պուտինի հայտարարությունը ինչ-որ առումով պատասխան է այն քննադատություններին և մտահոգություններին, որոնք թավշյա հեղափոխությունից հետո հնչում են նոր իշխանության հասցեին, թե հեղափոխության արդյունքում տապալվել են հայ ռուսական հարաբերությունները։ Այս մտահոգությունների տողատակը հասկանալի է՝ փորձել հասարակության մոտ առաջացնել անհանգստություն Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով այն, որ հանրության մի զգալի մաս երաշխավոր է դիտարկում Ռուսաստանը: Պուտինի արձագանքը փաստացի ցույց է տալիս, որ այս մտահոգությունները կամ էդ խնդրի վրա խաղալու էդ փորձերը ապարդյուն են և անտեղի, և իրականում հայ-ռուսական հարաբերություններում որևէ նոր խնդիր չկա»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս պետք է ազատվել կարծրատիպային ընկալումներից։ Նրա ընդգծմամբ՝ որքան որ Հայաստանն ունի Ռուսաստանի աջակցության կարիքը, նույնքան էլ Ռուսաստանը՝ Հայաստանի․ - «Մենք պետք է հարաբերությունը կառուցենք ու դիտարկենք փոխադարձ անհրաժեշտության տիրույթում։ Եվ էստեղ Հայաստանը չպետք է լինի միայն հնազանդ, լուռ, աղերսողի դերում, այլ նաև պետք է իր խնդիրներն ու պահանջները բարձրաձայնի Ռուսաստանի առաջ։ Եվ խոշոր հաշվով, ես կարծում եմ, ժամանակի ընթացքում Ռուսաստանի իշխանության մոտ էլ գալու է էն գիտակցումը, որ իրականում Ռուսաստանի շահից բխում է ինքնիշխան Հայաստանի հետ գործ ունենալը, քան հնազանդ, կամակատար Հայաստանի հետ: Իհարկե, էստեղ բազմաթիվ պատկերացումներից պետք է ձերբազատվի նաև Ռուսաստանը: Դա շատ դժվար պրոցես է՝ հաշվի առնելով Ռուսաստանի մասշտաբները և բնույթը: Եվ էստեղ առաջնայինը, իհարկե, պետք է լինի մեր փոխվելը, մեր պետական որակների փոփոխությունը, որպեսզի դա նաև փորձենք օգտագործել Ռուսաստանին մեր հանդեպ փոխելու համար: Այս տեսանկյունից Պուտինի արձագանքը, կարծում եմ, որոշակիորեն ցույց է տալիս, որ կա գիտակցում, որ պետք է հարաբերությունը փոխել: Շատ լավ է, որ Հայաստանի նոր իշխանությունը որդեգրել է էդ խնդիրները բարձրաձայնելու, մեր շահերը բարձրաձայնելու քաղաքականություն, և սա ոչ թե պետք է վկայի էն մասին, որ կան խնդիրներ, այլ սա եղած խնդիրները, մինչ այժմ եղած և ճգնաժամի հասցված հարաբերությունը առողջացնելու առաջին քայլերից մեկն է: Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ խոսելու բաներ, և էդ հնազանդության քաղաքականությունը պետք է փոխարինենք խոսելու քաղաքականությամբ»:

Հարցին, թե գազի գնի հնարավոր բարձրացման մասին լուրերով արդյո՞ք Ռուսաստանը լծակներ չի օգտագործում Հայաստանի վրա, Հակոբ Բադալյանն արձագանքեց, թե այն, որ գազը ռուսական կողմի համար քաղաքական հարցեր լուծելու գործիք է, ընդ որում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, գաղտնիք չէ, բայց այս դեպքում այդ գործիքը չի օգտագործվում․ - «Էստեղ քննարկման առարկան գնագոյացման մեխանիզմներն են ավելի երկարաժամկետ հեռանկարում, և էդ տեսանկյունից, կարծում եմ, ճնշում որպես այդպիսին Հայաստանի վրա այս պահի դրությամբ չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG