Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, հայ-ռուսական գազային պայմանագիրը վավերացված չէ


էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, 2013թ․ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված գազային պայմանագիրը, որով «ՀայՌուսգազարդ»-ը ամբողջովին անցավ Մոսկվային, մինչև այսօր վավերացված չէ, քանի որ վավերացման ընթացակարգերը խախտված են եղել:

«Հայաստանի Հանրապետությունը գազ չի գնում: Հայաստանի Հանրապետությունը մի միջազգային պայմանագիր է վավերացրել, որը, իմ գնահատմամբ, դեռևս վավերացված էլ չէ, որովհետև ընթացակարգերը խախտված էին», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ շարունակելով․ - «Բայց դրանով Հայաստանը գազ չի գնում՝ գնումն իրականացնողը «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այսինքն, մենք պետք է խոսենք ոչ թե սահմանի վրա գնի մասին, այլ իմ սպառողների, իմ արդյունաբերության, բոլոր այն անձանց, ովքեր այս էներգակիրը հիմքում դնում են և ստանում են արդյունք»:

Երբ Մինասյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ ընթացակարգային խախտումների մասին է խոսքը, հակիրճ արձագանքեց․ - «Ես կառաջարկեմ վերցնեք այդ օրվա վավերացման ընթացքում ելույթները: Ես մնացել եմ իմ տեսակետին»:

Ռուսական «Գազպրոմ»-ը ամբողջովին իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ին Հայաստանի հետ սահմանին գազի հազար խորանարդ մետրը վաճառում է 150 դոլարով: Նույն այդ գազը ռուսական մոնոպոլիստը Հայաստանի բնակիչներին արդեն վաճառում է գրեթե երկու անգամ թանկ՝ 285 դոլար:

Հատկանշական է, որ Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվող երկրները գազը ստանում են տարբեր գներով: Դեկտեմբերի 6-ին կայացած ԵՏՄ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով Պուտինին, հայտարարեց, թե ռուսական գազի հազար խորանարդ մետրը Բելառուսի սահմանին արժե 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում այն 70 դոլար է: - «Ինչպե՞ս մրցակցել»,- հարց բարձրացրեց Լուկաշենկոն:

Ներկայումս Հայաստանի կառավարությունը բանակցում է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ:

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնեց, որ ռուսների հետ բանակցում են գազի գնի իջեցման շուրջ: Մինչդեռ, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը երեկ «Ազատությանը» փոխանցեց, որ բանակցությունների արդյունքում պարզ կդառնա՝ Հայաստանի համար գազի գինը կաճի՞, թե՞ կնվազի:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, գաղտնիք չէ, որ գազի գինը Կրեմլը օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ձգտելով ճնշում բանեցնել այս կամ այն երկրի նկատմամբ:

«Գազը միշտ եղել է մահակ բոլորի հանդեպ․ պարզ է, որ Հայաստանի դեպքում էլ է այս գործոնը լինելու և առաջնային մեր նպատակը պետք է լինի այս ոլորտը՝ գնագոյացումը, թափանցիկ դարձնելը: Պարզ է, որ գազը ամեն տեղ տարբեր գներ պետք է ունենա, բայց տեսանելի, թափանցիկ պետք է լինի, որ այսպիսի անակնկալների առաջ չկանգնենք՝ մի օր ասեն, որ էժանացրել ենք, դոշ ծեծեն, որ՝ մենք գազը ստանում ենք շատ էժան, մյուս օրը ասեն՝ հակառակը», - մեկնաբանեց Ասատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG