«Ռոսկոմնադզորն» այսօր ստուգումներ է սկսել BBC-ի ռուսական ծառայությունում: Ընդ որում, Ռուսաստանի իշխանությունները չեն էլ թաքցնում, որ սա ռուսական Russia Today-ի մասին բրիտանական Ofcom-ի որոշման պատասխանն է: Այսպես, «Ռոսկոմնադզորը» պաշտոնապես հայտարարել է, թե ստուգումներ է անցկացնում պարզելու համար, թե արդյոք BBC-ն չի խախտում ռուսաստանյան օրենսդրությունը:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե վաղուց էր պետք նման ստուգումներ անցկացնել, հավելելով, թե, իհարկե, BBC ծառայության լրագրողները արհեստավարժ են, սակայն Russia Today-ի գործունեությանը բրիտանական կառավարության կոշտ միջամտությունից հետո ռուսական կողմին այլ բան չի մնում: - «Մենք նույն պատասխանն ենք գալիս», - գրել է Զախարովան:
Ռուսաստանում BBC-ի ներկայացուցիչները ասում են, որ Ռուսաստանում իրենց գործունեությունը ծավալում են նույն կանոններով, ինչ և ամենուրեք, տրամադրում են անաչառ տեղեկատվություն և կատարում են Ռուսաստանի օրենսդրության բոլոր պահանջները:
Հինգշաբթի օրը Բրիտանական Ofcom-ը հայտարարել է, թե հայտնաբերել է շուրջ յոթ խախտում՝ Russia Today-ի գործունեության մեջ: Խոսքը լրատվական և քաղաքական ծրագրերի մասին է: Բոլոր խախտումները տեղի են ունեցել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Ofcom-ը դեռ չի ասել, թե ինչ պատժամիջոցների է դիմելու, սակայն հայտարարել է, թե դրանք համարժեք են լինելու այն խախտումներին, որ թույլ է տվել ռուսական հեռուստաընկերությունը:
Russia Today-ը գլխավորող Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ բրիտանական օրենքները չի խախտել և որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաշվի չեն առնում իրենց բրիտանացի հեռուստադիտողների շահերը: Այս մասին հեռուստաընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: