Մատչելիության հղումներ

Hurriyet. Թուրքիան զգուշավորությամբ է հետևելու Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությանը


«Թուրքական իշխանությունները մինչև վերջին պահը չէին հավատում, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման հրաման կարձակի», - Թուրքիայում լույս տեսնող ամենահեղիանակավոր անգլալեզու պարբերականում` Hurriyet Daily News-ում այսօր գրում է քաղաքական մեկնաբան Սերքան Դեմիրթաշը:

Վկայակոչելով բարձրաստիճան թուրք դիվանագետների հետ վերջին օրերին ունեցած իր զրույցները` Դեմիրթաշը պնդում է, որ պաշտոնական Անկարան Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկացել է ընդամենը մի քանի օր առաջ:

«Reuters գործակալությունը օրերս մեջբերել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որը պնդում էր, թե նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակցին հետևողականորեն հորդորում էր Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման վերջնական հրաման տալ», - գրում է Դեմիրթաշը` հավելելով. - «Իսկ թուրք պաշտոնյաներից մեկը պնդում է, որ հեռախոսային այդ խոսակցության ընթացքում Դոնալդ Թրամփը հարց է ուղղել Էրդողանին` կկարողանա՞ արդյոք Թուրքիան զտել Եփրատի արևելյան ափը «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդներից, եթե ամերիկյան զորքերը դուրս բերվեն այդ շրջանից»:

Hurriyet-ի մեկնաբանի խոսքով, Էրդողանը դրական պատասխան է հնչեցրել` հիշեցնելով Թրամփին, որ 2016-ին թուրքական բանակն արդեն իսկ «Եփրատի վահան» կոչվող գործողությունն էր նախաձեռնել` «չեզոքացնելով այդ շրջանում գործող ավելի քան 4000 ջիհադիստների»:

Չնայած ստացվող տեղեկությունները վկայում են, որ Թրամփը զորքերի դուրսբերման մասին որոշումը կայացրել է Էրդողանի հետ այդ խոսակցությունից հետո, այնուհանդերձ Անկարան որոշման մասին տեղեկացվել է միայն դեկտեմբերի 17-ին: Եվս երեք օր, ըստ Hurriyet-ի, Թուրքիայի դիվանագիտական շրջանակները անգամ մասնավոր զրույցներում զերծ էին մնում մեկնաբանություններից` սպասելով, թե ինչպես են ամերիկացի զինվորականները ի կատար ածելու Թրամփի հրամանը:

«Բարձրաստիճան թուրք պաշտոնյաները կասկածանքով են ընդունել զորքերի դուրսբերման մասին տեղեկությունները: Սաուդյան Արաբիան, Իսրայելը, եվրոպացիները և իհարկե քրդերը դեմ էին Միացյալ Նահանգների ստորաբաժանումների դուրսբերմանը Սիրիայի հյուսիսից: Պենտագոնը և ամերիկյան ղեկավարության մի շարք այլ հատվածները ևս առանձնապես ոգևորված չէին», - Hurriyet-ի մեկնաբան Սերքան Դեմիրթաշին է ասել թուրք պաշտոնյաներից մեկը՝ մինչև վերջին պահը բավական հոռետեսերոն գնահատելով ամերիկյան զորքերի դուրսբերման հավանականությունը:

Hurriyet Daily News-ի մեկնաբանի խոսքով, թուրքական կողմի հոռետեսության պատճառներից մեկն էլ վերջին ամիսներին Վաշինգտոնից ստացվող ազդակների հակասական բնույթն էր:

«2018 թվականի ընթացքում Թրամփը մի քանի անգամ խոսել էր Սիրիայից զորքերի հնարավոր դուրսբերման մասին: Մյուս կողմից, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև Պետդեպարտամենտի` Սիրիայի գծով բանագնաց Ջեյմս Ջեֆրին, Սիրիայում իրադրության մասին խոսելիս, շարունակաբար ընդգծում էին ամերիկյան զորքերի` Սիրիայում ներկայության անժամկետ բնույթը», - թուրքական դիվանագիտական աղբյուրները մեջբերելով՝ գրում է Hurriyet-ի մեկնաբանը:

Սերքան Դեմիրթաշի խոսքով, այս պահին, երբ ամերիկյան զորքերի դուրսբերումն արդեն իսկ մեկնարկել է, թուրքական կողմին սկսել են մի շարք այլ հարցեր մտահոգել:

«Արդյո՞ք ամերիկացիները տարածաշրջանից հեռանալով իրենց հետ կտանեն այն բոլոր զենքերը, որ մատակարարել էին քրդական «Ժողովդրական պաշտպանության ուժերին: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու Միացյալ Նահանգների կողմից զորքերի դուրսբերումից հետո այս շրջանում քաոսից խուսափելու համար», - գրում է Hurriyet-ի մեկնաբանը՝ ամփոփելով․ - «Այս ամենը ենթադրում է, որ ամերիկացի և թուրք զինվորականների միջև պետք է ավելի ակտիվ բանակցություններ ծավալվեն: Թուրքիան առայժմ զգուշավորությամբ է հետևում Սիրիայում ստեղծված կացությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG