Երբ որ քաղաքապետարանը պլանավորում է 159 միլիոն վերապատրաստման ֆոնդ և դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
«Պլանավորված վերապատրաստման միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը, դրա մեջ մտնում են առնվազն 22 ոլորտի նեղ մասնագիտական կարողություններ՝ կրթություն, առողջապահություն, կոմունալ ծառայություններ, շինարարություն, ֆինանսներ, բյուջետավորում, գնումների համակարգ և այլն։ էս բոլոր ոլորտներում մենք ուզում ենք ունենալ առաջընթաց», - ասաց Սարգսյանը։
Երևանի 2019-ի բյուջեի նախագծում զգալիորեն աճել է պարգևատրումների, ու դրամական խրախուսումների տողը, գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 2,5 միլիոն դոլարով՝ հասնելով մինչև 4 միլիոնի։
Քննարկումների ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտահոգություն էր հայտնել՝ նշելով, թե ինչու պետք է քաղաքապետարանի աշխատողին Երևանի հարկատուի հաշվին անգլերեն սովորեցնել։
«Եթե դու աշխատողին ընդունում ես աշխատանքի 120 հազարով, որի տարիքը 35 է, կամ 40 է, ուզում ես անգլերենի դասընթացի ուղարկի, ուզում ես խորացված անհատական դասընթացի ուղարկի, դա աննարդյունավետ ծախս է, և ո՞վ է ասել, որ, օրինակ, հողի վարչության վերհսկողության աշխատողին Երևանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն սովորեցնել», - ասել էր Խաժակյանը։