Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները չլուծարելու պահանջով


Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

Երեկ երեկոյան Մշակույթի և Սփյուռքի նախարարներն իրենց աշխատակիցներին են ներկայացրել կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի փաստացիորեն իր գործունեությունն է դադարեցնում Սփյուռքի նախարարությունը, իսկ Մշակույթի նախարարության մի մասը Սպորտի և երիտասարդության նախարարության հետ միանում է Կրթության և գիտության նախարարությանը, որի արդյունքում էլ ստեղծվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, կամ ինչպես այսօր առավոտյան այս որոշման դեմ բողոքի ցույցի դուրս եկած նախարարությունների աշխատակիցներն էին կոչում՝ «մեգանախարարություն», որի արդյունավետությունը մեծ կասկածների տեղիք է տվել նրանց մոտ:

«Մշակույթի նախարարությունը Պաշտպանության նախարարությանը համահավասար նախարարություն է, և պետության, կառավարության մշակութային քաղաքականությունը իրականացնող գերատեսչություն է, որը էսօր ունի հազարավոր խնդիրներ՝ սկսած մշակութային ժառանգության պահպանության ոլորտից մինչև ժամանակակից արվեստ․․․․ Արդյոք մեկ մարդը, որը ժամանակի առումով անգամ չի հասցնում մշակույթի բոլոր խնդիրները լուծել, կկարողանա՞ լուծել և՛ կրթության, և՛ գիտության, և մշակույթի խնդիրները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության աշխատակից Արմեն Սարգսյանը:

Նրա գործընկերներից Հարություն Վանյանը հավելեց․ - «Մենք դեմ ենք Մշակույթի նախարարության դերի կրճատմանը, դրանով, մենք կարծում ենք, որ նսեմացվում է հենց մշակույթի դերը մեր կյանքում: Եվ երկրորդը, հուշարձանների պահպանության ոլորտը այսպես հապճեպ միացնել Քաղաքաշինության կոմիտեին և հանել մշակութային ժառանգության ոլորտից, որը նախարարության կազմում է եղել, նույնպես անընդունելի ենք համարում, որովհետև բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ են եղել հենց նույն հուշարձանների պահպանության հետ կապված Քաղաքաշինության կոմիտեի հետ տարիներ շարունակ»:

Սփյուռքի նախարարության աշխատակիցները հատկապես վրդովված էին Նոր տարվա նախաշեմին գործազուրկ դառնալու իրական հեռանկարից:

«90 աշխատակից ունի նախարարությունը: Այս նախարարությունը ամենափոքր բյուջեն ունեցող նախարարությունն է, կարելի է ասել, կիսապետական, կիսահասարակական հիմունքներով աշխատող նախարարություն է․․․ Մենք պետք է գտնենք մեր աշխատանքները: Երեկ այդ մասին պարզապես նախարարն ասաց, հավաքեց մեզ բոլորիս, ինքն էլ մարդկայնորեն երևում էր, որ շատ հուզված է, բայցև ասաց, որ ի սկզբանե ինքը գիտեր, որ այս նախարարությունը պետք է փակվի: Մեքն նաև պահանջում ենք, իմանալով, որ այս նախարարության դադարեցման համար պնդել է Արարատ Միրզոյանը, մենք պարզապես պահանջում ենք, որ նա ներկա գտնվի նախարարությունում և բացատրություններ մեզանից ստանա, ինքն էլ մեզ բացատրություններ տա, հիմնավորի փակման անհրաժեշտությունը», - ասաց նախարարության աշխատակից Սիրվարդ Համբարյանը:

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները այսօր առավոտյան նախ իրենց նախարարությունների մուտքի մոտ արտահայտեցին իրենց բողոքը՝ գործադուլ հայտարարելով, ապա շարժվեցին դեպի կառավարության շենք՝ իրենց բողոքը նաև նամակով փոխանցելու կառավարությանը և, մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Մշակույթի նախարարության աշխատակից Լուսինե Իգիթյանն ասաց․ - «Ես վստահ եմ, որ պարոն Փաշինյանը կբեկանի էդ օրենքի նախագիծը, և հաստատ դա ուժի մեջ չի մտնի»:

Ցույցի մեկ այլ մասնակից հավելեց․ - «Խնդրում ենք, որ մեր ընտրած վարչապետը, որին հավատում ենք, դեռևս հավատում ենք․․․ պահանջում ենք, որ իջնի ներքև, ու անձամբ փոխանցենք նամակը, որ ուղղված է իրեն»:

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետին: Կառավարության աշխատակազմի աշխատակիցներից մեկը եկավ ու խոստացավ նամակը փոխանցել վարչապետին:

«Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ մինչև երկուշաբթի առավոտյան պատասխան տրվի, նաև հանդիպում ենք պահանջում պարոն վարչապետի հետ: Եթե մեր խնդրանքին, մեր բողոքին ընթացք չտրվի, մենք պատրաստ ենք Նոր տարվա օրերն էլ հետը գործադուլ անել, նստացույց էլ կանենք», - ասաց ցուցարաներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG