Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմության ցույցերը շարունակվում են


Վրաստանում ընդդիմությունը շարունակում է ցույցերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով: Շաբաթասկզբից սկսված բողոքի ալիքն այսօր էլ ավելի թեժացավ, երբ Գուրջանիի շրջանային դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ընդդիմության առաջնորդներից մեկին՝ նախկին պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեին՝ ոստիկանի վրա հարձակում գործելու համար:

«Վրաստանի քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով», - արձանագրում էին դատարանի մոտ խմբված ցուցարարները, ընդգծելով՝ որոշումն անակնկալ չէր իրենց համար:

«Մենք մինչև դատական նիստի մեկնարկն արդեն իսկ գիտեինք ինչով է այն ավարտվելու, երբ նիստը չսկսած՝ հազարավոր ոստիկաններ շրջապատում են դատարանի շենքը: Ակնհայտ է դառնում, որ կալանքի որոշումը կանխավ կայացվել էր, դատավորն ընդամենը պետք է այն ընթերցեր: Դավիթ Կիրկիտաձեն քաղաքական բանտարկյալ է, նրան կալանավորելու որոշումը Բիձինա Իվանիշվիլին է կայացրել», - հայտարարում էր միացյալ ընդդիմության ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին:

Կիրկիտաձեն ձերբակալվել էր երկուշաբթի՝ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության օրը՝ ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո: Բախումը տեղի էր ունեցել Գուրջանիի շրջանում, երբ ոստիկանությունն արգելափակել էր երդմնակալության դեմ ցույցի գնացող ընդդիմադիրների ճանապարհը: Պաշտոնական աղբյուրների համաձայն, տուժել էր երեք ցուցարար և տասը ոստիկան:

«Սրանով իշխանությունները վրեժ են լուծում այդ օրվա համար», - հայտարարում էր ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն․ - «Վրաստանում քաղաքական տեռոր է սկսվել, և եթե լռեք, իմացեք, վաղն էլ գուցե ձեր հետևից գան: Իշխանություններին թվում է՝ բոլոր նրանք, ովքեր իրենց պես չեն մտածում, պետք է ճաղերի ետևում մնան: Սա՞ է Իվանիշվիլիի խոստացած աննախադեպ ժողովրդավարությունը: Քեզ մնա, պարոն Իվանիշվիլի, այդօրինակ ժողովրդավարությունը Ռուսաստան տար, որտեղից բերել ես»:

Առավոտից դատարանի մոտ հավաքված ընդդիմադիրների մեկ այլ առաջնորդ՝ Գիորգի Վաշաձեն էլ հայտարարում էր՝ դատախազությունը ակնհայտ բարեհոգի է եղել իշխանության աջակիցների նկատմամբ ու խիստ՝ ցուցարարների հանդեպ․ - «Մեր աջակիցներից մեկի ծնոտը ջարդել են, բայց մեղավորներին մեղադրանք են ներկայացրել ծեծի հոդվածով, որպեսզի միայն տուգանք մուծեն, հեշտ ու հանգիստ գլուխներն ազատեն: իսկ Դաթո Կիրկիտաձեին, ով ընդամենը բարձրացել էր ավտոբուսի վրա, մեղադրում են ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ինչի համար նախատեսված է 4-7 տարվա ազատազրկում»:

Իրավապահները, մինչդեռ, նախօրեին տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է ցուցարարների ձեռքերի վրա բարձրացած ընդդիմադիր գործիչը ամեն կերպ փորձում ներս մտնել ոստիկանական ավտոբուսի պատուհաններից:

«Մենք առաջնորդվում ենք միայն փաստերով, ոչ թե քաղաքական շարժառիթներով», - այսօր հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Նատիա Մեզվրիշվիլին՝ զգուշացնելով՝ մեղադրյալաների ցանկը կարող է առաջիկայում ավելանալ․ - «Մենք այժմ ուսումնասիրում ենք գործի նյութերը, և ըստ այդմ էլ, եթե լինեն փաստեր, մեղադրյալների շրջանակը կարող է ընդարձակվել: Ուզում եմ ընդգծել, Դավիթ Կիրկիտաձեից բացի երկու մարդ էլ ձերբակալվել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության մեղադրանքով: Հասարակությունը տեսել է տեսանյութը՝ ինչպես է իրեն պահել պարոն Կիրկիտաձեն: Այստեղ նախարարության կողմնակալության մասին բոլոր պնդումները ուղղակի անիմաստ են: Մենք ձերբակալում ենք բոլորին, անկախ նրանց քաղաքական հայացքներից»:

Պաշտոնական Թբիլիսիի այս հավաստիացումները, սակայն, առայժմ չեն համոզում փողոց դուրս եկած ընդդիմադիրներին, որոնք սպառնում են, թե չեն դադարեցնելու պայքարը, մինչև իշխանությունները չբարեփոխեն ընտրական համակարգն ու չանցկացնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG