Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Նոր Հայաստանում պիտի բացառվի այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը


Ազգային անվտանգության մարմինների հիմնադրման 100-ամյակի տոնական միջոցառմանը ներկա վարչապետի պաշտոնակատարն այսօր իր ելույթում կարևորեց անվտանգության մարմինների դերը նոր Հայաստանում տեղի ունեցող զարգացումներում։

«Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար։ Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ նախկինում ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ընդունված չի եղել խոսել մարդու իրավունքների մասին։ Նա այսօր ԱԱԾ աշխատակիցներին ուղղված իր ելույթում կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը՝ որպես անվտանգության մարմինների կողմից իրականացվող աշխատանք․ - «Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու։ Ուրախ եմ արձանագրել, որ ի վերջո Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության միաձայն գնահատականով համապատասխանում են ժամանակակից առաջատար չափանիշներին»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրավապահ մարմինները Հայաստանում ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին։

«Այսօր էլ հնչում են նման մեղադրանքներ», - ասաց Փաշինյանը և շեշտեց, որ իրավապահ համակարգից «պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ բաղադրիչ»․ - «Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, շնորհավորելով գործընկերներին, իր ելույթում հիշատակեց թավշյա հեղափոխությունը․ - «Պաշտոնեական դիրքի չարաշահումներ, յուրացման և վատնման բազմաթիվ դեպքեր, որոնցով հարուցվել և քննվում են մոտ 70 քրեական գործեր: Բազմաթիվ անձինք, որոնք թվում նաև մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ենթարկվել են պատասխանատավության: Նշված գործերի շրջանակներում ձեռք բերված տվյալները ցույց են տալիս, որ պետության հասցված նյութական վնասը կարող է հասնել մեկ տասնյակ միլիարդ դրամի: Սակայն ինչպե՞ս չափել այն բարոյական վնասը, որը հասցվել է մեր զինված ուժերին, ամբողջ հանրությանը այդ հանցավոր վերաբերմունքի արդյունքում»:

Վանեցյանն անդրադարձավ մի շարք աղմկահարույց գործերի, որոնցից է, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական գործը։ Ասաց, որ ԱԱԾ վարույթում քննվող գործերով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 20 միլիարդ դրամ, որի զգալի մասը արդեն վերականգնվել է պետական բյուջե․ - «Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականությունը, կոռուպցիայի կանխարգելումը այսօր իսկապես մեր երկրի ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից է: Դրա պատճառն այն է, որ շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է լրջորեն վտանգված և խոցելի: Կոռուպցիան ոչ միայն ընդլայնել է ստվերային տնտեսությունը, այլև ուղղակիորեն ազդել է հարկերի հավաքագրման վրա և անարդյունավետ դարձրել բյուջետային միջոցների օգտագործումը: Ավելին, կոռուպցիան իր անմիջական բացասական ազդեցությունն է թողնում ընտրական գործընթացների, պետական մարմինների գործունեության, ներդրումների և պետության միջազգային վարկանիշի վրա: Դրա վառ ապացույցն են Ազգային անվտանգության ծառայության վարույթում առկա երեք տասնյակից ավելի քրեական գործերով ձեռք բերված անհերքելի փաստական տվյալները»:

ԱԱԾ տնօրենի տվյալներով, 2018-ի 11 ամիսների ընթացքում խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 միլիոն հաքերային հարձակման փորձ, ինչը աննախադեպ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG