Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 66 տոկոսն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար. «Լևադա»


Հետզհետե ավելանում է ԽՍՀՄ փլուզման համար ափսոսանք հայտնող ռուսաստանցիների թիվը, «Լևադա» կենտրոնի հարցումը, 19 դեկտեմբերի, 2018թ.
Հետզհետե ավելանում է ԽՍՀՄ փլուզման համար ափսոսանք հայտնող ռուսաստանցիների թիվը, «Լևադա» կենտրոնի հարցումը, 19 դեկտեմբերի, 2018թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հերթական անգամ համառուսաստանյան ասուլիսում պատասխանել է հարցերին և հավաստիացրել, որ երկիրն ընթանում է ճիշտ ճանապարհով, ամրապնդում է դիրքն աշխարհում, հետևողականորեն հաղթահարում է առկա դժվարություններն ու ապահովում է կենսամակարդակի աճը:

Բայց ռուսաստանցիների բավական մեծ տոկոսն, այդ թվում՝ նրանք, ովքեր հետխորհրդային շրջանում են ծնվել, կարոտախտով են խոսում խորհրդային տարիների մասին:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, Ռուսաստանի բնակիչների 66 տոկոսն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար: Դա ամենաբարձր ցուցանիշն է անցած տասը տարում: Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ՝ 75 տոկոսը, Խորհրդային Միության փլուզման համար ափսոսանք է հայտնել 2000 թվականին: 2017-ի համեմատությամբ այդ թիվն աճել է 8 տոկոսով: Ռուսների 60 տոկոսը համոզված է, որ ԽՍՀՄ-ը հնարավոր էր պահպանել:

Հարցվածների մեծ մասը 55 տարեկանից բարձր է, բայց, ինչպես «Լևադա» կենտրոնի փորձագետներն են նշում, հետզհետե ավելանում է ԽՍՀՄ փլուզման առիթով ափսոսանք հայտնող նաև 18-ից 24 տարեկան երիտասարդների թիվը:

Որո՞նք են կարոտախտի հիմնական պատճառները. հարցվածների 52 տոկոսը նշել է «միացյալ տնտեսական համակարգի քայքայումը», 36 տոկոսն ասել է, որ ցավ է ապրում «մեծ գերտերության հպատակ լինելու գիտակցումը» կորցնելու համար, 31 տոկոսը նշել է Ռուսաստանում «փոխադարձ անվստահությունն ու համատարած անգթությունը»:

«Լևադա» կենտրոնի վերլուծաբան Կարինա Պիպիան խորհրդային կարգերի հանդեպ կարոտախտի պատճառ է նշել Ռուսաստանում կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացումը:

«Բնակչությունը ԽՍՀՄ փլուզման համար դառնությունը բացատրում է այն ժամանակների հզորության և բարգավաճման մասին թյուր պատկերացումներով, մարդիկ մոռացել են համատարած դեֆիցիտը, մթերք հայթայթելու դժվարությունները, սննդի քարտերը, մանավանդ հիմա, երբ կա մտահոգություն կենսամակարդակի հարցում», - ասել է վերլուծաբանը:

Այս տարվա դեկտեմբերի սկզբին Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած մեկ այլ հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 49 տոկոսն, առողջության պաշտպանությունն անվանել է սահմանադրությամբ երաշխավորված ամենակարևոր իրավունքներից մեկը:

45, 40 և 36 տոկոսն էլ նշել է համապատասխանաբար՝ կրթության, աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունքը:

Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների, ռուսաստանցիների 47 տոկոսը ենթադրում է, որ երկիրը ճիշտ ճանապարհով է շարժվում, 42 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել, 11 տոկոսն էլ խոստովանել է, որ այդ հարցում չի կարողանում կողմնորոշվել:

Ռուսաստանցիների 66 տոկոսը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին, 33 տոկոսն այն քննադատում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG