Բրիտանական Պորտ Թոլբոթ քաղաքի ավտոտնակներից մեկի պատին հայտնաբերվել է փողոցային արտի խորհրդավոր նկարիչ Բենքսիի աշխատանքներից մեկը՝ երեխա, որը փորձում է բերանով բռնել ձյան փաթիլը, սակայն ուշադիր նայելու դեպքում ոչ թե փաթիլ է, այլ այրվող աղբի մոխիր:
«Ինստագրամ»-ի իր էջում տեղադրելով այդ նկարը՝ հեղինակը գրել է՝ «Շնորհավոր»:
Նկարի սյուժեն պատահական չէ ընտրված, քանի որ այդ քաղաքում գործում է մետալուրգիական գործարան: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ Պորտ Թոլբոթը Մեծ Բրիտանիայի էկոլոգիապես ամենակեղտոտ քաղաքներից է։
Գրաֆիտին, սակայն, արդեն հատուկ հսկողության տակ է առնվել. քաղաքի շարքային բնակիչ Են Ֆիլլիպսի ավտոտնակն անսպասելիորեն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենահսկվող կառույցներից մեկը: