Կառավարության այսօրվա որոշումներով բավարարվել է «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, «Սպայկա» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղմթերքի վերամշակման մեջ՝ իրականացնելով 28 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում կստեղծվի 1600 աշխատատեղ՝ 190 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել ևս 300 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ դրամ։
Ըստ կառավարության, «Նանման»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրը իրականացվելու է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ կատարելով 110 միլիոն 100 հազար դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 78 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 150 միլիոն 470 հազար դրամ։
«Պրոֆ ԱԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում՝ ստեղծելով 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիարդ դրամ։