Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ առաջին ներառական խաղը


Այսօր ֆուտբոլի ակադեմիայում առաջին անգամ տեղի ունեցավ ներառական ֆուտբոլային հանդիպում։ Թիմերի կազմում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ էին, որոնք խաղում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ։

«Ֆուտբոլը բոլորի համար է, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի համար մեկ նպատակը՝ ստեղծել հնարավորություններ, որպեսզի շատերը կարողանան զբաղվել ֆուտբոլով», - «Ազատությանն» ասաց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ շարունակելով, - «Ընդունված է ընկալել, որ ֆուտբոլը միայն հավաքականն է և վերջ, բայց ՀՖՖ-ն առաջինը պատասխանատու է յուրաքանչյուր մարդու համար, ազգային հավաքականում շատ քիչ մարդիկ են խաղում, մինչդեռ նման միջոցառումներին խաղում են ծայրահեղ մեծ չափով մարդիկ, և դա է կարևորը: Եթե Ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կկարողանա, հնարավորություն կունենա ավելի մեծացնել միջոցառումների թիվը և տարածել նաև մարզերում, դա կլինի շատ մեծ հաջողություն»:

Ներառական այս հանդիպումը ազգային ընտրանու մարզիկները բնորոշեցին որպես «անսահման հնարավորությունների խաղ», որտեղ սահմանափակումներ չկան, յուրաքանչյուրն ունի խաղալու հնարավորություն:

Ռոբերտ Արզումանյան․ - «Սա ցույց է տալիս, որ անհնարին բան չկա: Նրանք պետք է նույնպես խաղան, անսահման հնարավորություններ ունեն իրականում»:

Ռումյան Հովսեփյանն ընդգծեց, որ կանեն իրենց կախված ամեն բան, որպեսզի նման հանդիպումները շարունակական լինեն․ - «Շատ մեծ ուրախությամբ ենք եկել այստեղ, որպեսզի երեխաներին ուրախություն ու ժպիտ պարգևենք: Նրանց հասկացնենք, որ նրանք կազմում են մեր կյանքի մի մասնիկը: Մեր համար շատ կարևոր է, որ կարողանում ենք երեխաներին ուրախացնենք ոչ միայն մեր խաղով, այլև մեր մասնակցությամբ»:

Հայաստանի ազգային հավաքականում վերջերս իր նորամուտը տոնած երիտասարդ 21-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանը, ով նորամուտի խաղում աչքի ընկավ իր խփած գոլով, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այն, որ երեխաներին օգնում էին գոլի հեղինակ դառնալ, դա արդեն իսկ երեխաներին մեծ ուրախություն էր պարգևում․ - «Երեխաների ժպիտը տեսնելով՝ բոլորս էլ ավելի շատ ենք ուրախանում, ու լավ կլինի, որ նման միջոցառումները շատ լինեն, որ երեխաները ժպտան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG