Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյան․ Ժամանակն է մեր երիտասարդներին ներգրավելու


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյան

Միջազգային կինոյի ասպարեզում արդեն իր որոշակի տեղն արձանագրած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրները՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոգետներ Սուսաննա Հարությունյանն ու Միքայել Ստամբոլցյանը կինոփառատոնի ղեկավարումն ամբողջովին փոխանցել են երիտասարդ կինոգործիչներին՝ համոզվածլինելով, որ եկել է երիտասարդների գործելու ժամանակը:

Դեռ անցյալ տարի Հարություն Խաչատրյանը, ստանձնելով Կինոգործիչների միության նախագահի պաշտոնը, դադարեցրեց իր գործունեությունը որպես կինոփառատոնի տնօրեն, բայց շարունակեց աշխատանքը որպես կինոփառատոնի նախագահ:

Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում նա նշեց, որ շարունակելու է մնալ կինոփառատոնի նախագահ:

Իսկ կինոփառատոնի նորանշանակ ղեկավարները շատ խոստումնալից երիտասարդներ են: Այսուհետ կինոփառատոնի գլխավոր տնօրենն է Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի տնօրենն է Կարեն Ավետիսյանը, իսկ միջազգային կապերի պատասխանատուն՝ Վարվառա Հովհաննիսյանը:

Իսկ թե ինչու փառատոնի հիմնադիրները գնացին այդ քայլին՝ փոխանցեցին «Ոսկե ծիրանի» ղեկավարումը երիտասար կինոգործիչներին, Հարություն Խաչատրյանը հետևյալ կերպ բացատրեց․ - «Արդեն երկու-երեք տարի մենք՝ հիմնադիրներս, մտածում էինք աճեցնել նոր սերունդ: Առաջին օրերից Հասմիկ Հովհաննիսյանը աշխատել է մեր հետ․ բոլորը աշխատել են մեր փառատոներում: Գալիս է մի օր, երբ դու քո սիրած կինոն սկսում ես վերանայել: Կյանքը փոխվում է, և կինոյի տեսակն է փոխվում, կինոյի մոտեցումն է փոխվում: Եվ մեր ընդհանուր քաղաքականությունը հաստատվեց, որ շատ շուտով մենք պետք է տանք երիտասարդներին հնարավորություն, որպեսզի իրենց նոր տեսլականը բերեն հայկական իրականության մեջ, բերեն այն ֆիլմերը, որոնք իրենք են ավելի շատ հավանում, բերեն այն մարդկանց, որոնք հետաքրքիր են, կազմակերպեն այնպիսի փառատոն, որը երիտասարդությանը արդեն կմոտիկացնի: Միջին տարիքի հետաքրքրությունը առաջացրեցինք մենք, ստեղծեցինք մի այնպիսի հանդիսատես՝ 40-50 հազար, որոնք նայում էին մեր բերած ֆիլմերը: Բայց ժամանակն է երիտասարդներին գրավելու այս գործընթացների մեջ»:

Հարցին, թե կկարողանան արդյոք «Ոսկե Ծիրանի» երիտասարդ ղեկավարները հավուր պատշաճի կազմակերպել կինոփառատոնի աշխատանքները, կրել այդ մեծ պատասխանատվությունը, Խաչատրյանը պատասխանեց․ - «Մտահոգություններ միշտ կան, բայց մտահոգություններից վախենալով ոչինչ չես անի, ոչինչ չես փոխի: Նույնիսկ եթե սխալներ անեն, ինչ-որ բաներ էլ չստացվի, մյուս տարի կուղղեն, ոչինչ»:

Դե իսկ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի երիտասարդ ղեկավարները համոզված են, որ հաջողությամբ կիրագործեն փառատոնի հետ կապված իրենց բոլոր ծրագրերը:

«Ազատության» հետ զրույցում կինոփառատոնի միջազգային ծրագրերի տնօրեն Վարվառա Հովհաննիսյանը նշեց․ - «Շատ պարտավորեցնող ա էդ մեծ պատասխանատվությունը, որ վստահվել է մեզ: Բայց քանի որ մենք մենակ չենք, հիմնադիրների խորհուրդը այսպես թե այնպես մեր կողքին է միշտ լինելու և՛ խորհուրդներով, և՛ աջակցությամբ, ես վստահ եմ, որ այս մեծ գործում մենք ունենք շատ մեծ օգնություն հենց իրենց կողմից: Իսկ ծրագրերը շատ մեծ են, ծավալուն․ մեր հիմնական նպատակը մեր կինոն միջազգային շուկային հետաքրքիր դարձնելն է: Որովհետև մենք վստահ ենք, որ այսօր արդեն կան երիտասարդ և ոչ միայն երիտասարդ կինոռեժիսորներ և պրոդյուսերներ, որոնք շատ մեծ պոտենցիալ ունեն, և նրանց օգնելու լավագույն հարթակը փառատոնն է»:

«Վստահ եմ, որ պահպանելով փառատոնի դասական և շատ կարևոր կետերը՝ մենք միանշանակ կկարողանանք նաև նոր շունչ հաղորդել և, մեր երկրի հետ համահունչ քայլելով, նոր Հայաստանում նոր կինոփառատոն [ունենալ]», - եզրափակեց Վարվառա Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG