Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է Patriot համակարգերի վաճառքը Թուրքիային


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է հակաօդային պաշտպանության Patriot տեսակի համակարգերի վաճառքը Թուրքիային: Այս մասին անցած գիշեր տեղեկացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կազմում գործող Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը`ընդգծելով, որ Անկարայի հետ կնքվելիք հնարավոր գործարքի ընդհանուր ծավալը կարող է կազմել երեք և կես միլիարդ դոլար:

Գործակալության պնդմամբ, Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջնական համաձայնության ձեռք բերման դեպքում թուրքական կողմին են վաճառվելու չորս հրթիռային համակարգեր` յուրաքանչյուրը բաղկացած հրթիռների արձակման համար անհրաժեշտ 20-ական պլատֆորմներից: Բացի այդ, գործարքը կնքելու դեպքում Թուրքիա կառաքվի նաև 80 հեռակառավարվող հրթիռ, ալեհավաքներ, վերահսկման կայաններ, ինչպես նաև հատուկ ծրագրային ապահովում, որի միջոցով թուրք զինվորականները ի վիճակի կլինեն շահագործել ամերիկյան արտադրության այս զենիթահրթիռային համակարգերը:

«Պենտագոնը Միացյալ Նահանգների կոնգրեսին արդեն իսկ տեղեկացրել է Պետդեպարտամենից ստացված թույլտվության մասին», - հաղորդում է թուրքական Hurriyet-ը:

«Patriot համակարգերի հնարավոր վաճառքը կամրապնդի Թուրքիայի պաշտպանական կարողությունները, հնարավորություն կտա այդ երկրին առավել արդյունավետորեն պաշտպանվել թշնամական ագրեսիայից` պաշտպանելով նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք կարող են գործել և մարզվել Թուրքիայի տարածքում: Թուրքիան նաև որևէ դժվարության չի հանդիպի Patriot համակարգերը իր պաշտպանական համակարգին ինտեգրելու հարցում», - նշված է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Patriot համակարգերի վաճառքի շուրջ գործարքի վերջնական հաստատման դեպքում ավարտին կմոտենա նաև Անկարայի և Վաշինգտոնի երկարամյա վեճը: Էրդողանի կառավարությունը տարիներ շարունակ պնդում էր, որ սիրիական ճգնաժամի ֆոնին թուրքական զինված ուժերի համար կենսական նշանակություն ունի Patriot տեսակի համակարգերի ձեռքբերումը, ինչը հնարավորություն կտա պաշտպանել Սիրիային սահմանակից բնակավայրերը:

Անկարայից հնչող այս հայտարարություններին ի պատասխան, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երեք պետություններ` ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդերլանդները, 2013-ի հունվարին իրենց տրամադրության տակ եղած երկուական Patriot համակարգեր տեղակայեցին Թուրքիայի հարավ-արևելյան սահմանների երկայնքով` խոստանալով պաշտպանել իրենց դաշնակցին:

Դաշինքի առաջատար պետությունների, նախևառաջ ամերիկացիների այս դիրքորոշումն էր թերևս պատճառը, որ պաշտոնական Անկարան բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ S-400 զենթիահրիթռային համակարգերի ձեռք բերման շուրջ: Այդ բանակցությունները ավարտին մոտեցան 2017-ին` երկկողմ համաձայնագրի կնքմամբ: Ռուսական կողմի հավաստմամբ, S-400 համակարգերի տեղակայումը Թուրքիայի տարածքում կմեկնարկի արդեն 2019-ի աշնանը:

Ամերիկյան կողմը պարբերաբար զգուշացնում էր, որ ռուսական արտադրության հակահրիթիռային սպառազինությունը կարող է անհամատեղելի լինել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ, ինչին թուրքական կողմը կտրականապես չէր համաձայնում:

«ՆԱՏՕ-ի երկարամյա անդամ Հունաստանը շահագործում է [ռուսական արտադրության] S-300 համակարգերը: Ինչո՞ւ նրանց որևէ մեկը որևէ նկատողություն չի անում: Ինչո՞ւ են վերապահումներ ի հայտ գալիս, երբ գործը հասնում է Թուրքիային», - 2017-ի հուլիսին հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

Այժմ, սակայն, Patriot համակարգերի ձեռք բերման շուրջ պայմանավորվածությունների ֆոնին թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր ջերմացման այլ միտումներ ևս նկատվում են: Այդ մասին է վկայում նաև Վաշինգտոնի բավական հանգիստ վերաբերմունքը Անկարայից հնչող այն հայտարարություններին, թե առաջիկա օրերին թուրքական բանակը կրկին հատելու է Սիրիայի հետ սահմանը` գործողություններ իրականացնելով քրդական ուժերի դեմ:

Իսկ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն երեկ երեկոյան Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամական չհերքեց այն տեղեկությունները, թե ամերիկյան իշխանությունները հավանություն են տվել Սիրիայում թուրքական նոր գործողության մեկնարկին:

«Միացյալ Նահանգները և Թուրքիան ակտիվորեն համակարգում են այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Թուրքիայի անվտանգությանը և Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված կացությանը, որտեղ, ինչպես գիտեք, ամերիկյան ուժեր են տեղակայված: Նախագահներ Թրամփը և Էրդողանը քննարկել են այս թեմաները անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում նույնն թեմաները քննարկել են պետքարտուղար Փոմփեոն և արտգործնախարար Չավուշօղլուն: Մեր երկու պետություններն էլ շարունակում են լուրջ ուշադրություն դարձնել ահաբեկչական այն սպառնալիքներին, որոնց բախվում է Թուրքիան: Կարծում եմ, որ մենք այս հարցում Թուրքիայի հետ առաջընթաց են արձանագրել», - նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Հիմնականում սիրիացի քրդերից կազմված «Ժողովրդավարական ուժերին» Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը մարտավարական բնույթ է կրում: Այդ հարաբերությունները երկարաժամկետ բնույթ չեն կրում», - երեկ Վաշինգտոնում կայացած Ատլանտյան խորհրդի նիստի իր ելույթում հայտարարել է Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG