Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ հատուցումը տեղի ունենա, և տեղի է ունենալու». Լևոն Բարսեղյանը


Իշխանական նախկին համակարգը եղել է իսկապես բրգաձև կառավարվող Բաղրամյան 26-ից, «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով հարուցված քրեական գործին։

«Ես տարակույս չունեմ, որ համակարգը եղել է իսկապես բրգաձև կառավարվող Բաղրամյան 26-ից։ Գուցե անձամբ Սերժ Սարգսյանը չի տվել այդ հրամանները, բայց իր կաբինետից, այսինքն՝ իր թիմից, իր խմբից, կամ այդ հրոսակախմբից է եղել այդ հրահանգավորումը, և սա եզակի դեպք չէ, դա եղել է պարբերաբար։ Իշխանության վերարտադրման ամենաէժան եղանակը եղել է բրգաձև, վարչահրամայական, քրեական նույնիսկ իրավապահ համակարգի ներգրավմամբ։ Հիմա կոնկրետ այս մի բացահայտումը վերաբերվում է այդ «հերոսին», որը երևի թե այդ պահին դեռ իմացած չի եղել, որ սա փոքր երկիր է և այդ դեպքից երեք տարի հետո բացականչեց՝ «սա փոքր երկիր է», «սթափվե՛ք, գժուկներ» և այլն։ Հիմա ժամանակն է, որ հատուցումը տեղի ունենա, և այդ հատուցումը տեղի ունենալու է», - ասաց Բարսեղյանն՝ ընդգծելով՝ ամեն ինչ իր գինն ունի։

«Մարդիկ, ովքեր ունեցել են շատ վատ կրթություն և դաստիարակություն, չեն իմացել այդ մասին, որ ամեն ինչ իր գինն ունի։ Ինձ դուր է գալիս այն հետևողականությունը, որով քննչական մարմինները, թեպետ իրենց ունեցած ցածր մասնագիտական որակին, մեր ցանկալիից ցածր, կարողանում են հետաքննել, և, կարծում եմ, որ այս հետևողականությունը պահպանվելու է, և այս շարանները բացվելու են ինչպես դեպի ներքև, այնպես էլ դեպի վերև, որովհետև ոչ ոք չի ուզում ուրիշի փոխարեն պատասխանատվություն կրել, պետք է սկսեն բացատրություններ տալ, մեղա գալ, և այլն, և այլն», - ասաց Բարսեղյանը։

Նրա համոզմամբ մեղադրյալների, կասկածյալների թիվն աճելու է։

«Այդ միտումները հաշվի առնելով ես ենթադրում եմ, որ մեղադրյալների, կասկածյալների քանակը հետզհետե աճելու է, իրենց մերձավոր շրջապատը հետզհետե սկսելու է անհանգստանալ՝ գուցե կփորձեն ինչ-ինչ համախմբումների, կամ կոնսոլիդացիայի քայլերի դիմել, ընդվզել, խափանել ինչ-որ պրոցեսներ, վնասներ տալ հետաքննիչներին», - ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

Ըստ կոմիտեի, հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետն իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով խոստացել է միջամտել և օգնել Երևան - Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը:

2011-ի նոյեմբերից մինչև 2018 թվականի մայիսը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանին այս պահին մեղադրանք առաջադրված չէ։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG