Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել


Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այլևս Հանրապետական կուսակցության անդամ չէ: Նա նախկին իշխանական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել դեկտեմբերի 14-ին:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, դիմումն ի գիտություն է ընդունվել։

Այս տարվա հունիսին Կարապետյանը նախ լքել էր ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը։ Կուսակցությունից դուրս գալու դիմումը, ըստ Թադևոսյանի, Կարապետյանն անձամբ է ներկայացրել, բայց ահա հիմնավորումը չի նշել:

Հանրապետականում էլ հակված չեն խոսել Կարապետյանի հեռացման պատճառներից․ - «Հիմա հարմար չի տեղս, որպեսզի մեկնաբանեմ» (Ռուբեն Թադևոսյան)

Կարապետյանը Հանրապետականի շարքերը համալրեց, երբ արդեն երկու ամիս զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը՝ 2016-ի նոյեմբերի վերջին։ Անդամագրվելուց օրեր անց արդեն Սերժ Սարգսյանից հետո կուսակցության դե ֆակտո երկրորդ պաշտոնյան էր՝ ՀՀԿ առաջին փոխնախագահը:

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված չլինելով ՀՀԿ ցուցակում՝ հենց նա էր քարոզարշավի գլխավոր դերակատարը։

Կարապետյանը չէր թաքցնում, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետի, այսինքն փոփոխված Սահմանադրությամբ՝ երկրի ղեկավարի պաշտոնում: Բայց լիազորությունները վայր դնող Սերժ Սարգսյանը որոշեց չհեռանալ իշխանությունից՝ դառնալով վարչապետ։ Այդ ժամանակ Կարապետյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ: Պաշտոն, որ, ըստ ընդդիմադիրների, հատուկ ստեղծվել էր Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Կարեն Կարապետյանը ՀՀԿ էր եկել 2018-ի ապրիլից հետո վարչապետ մնալու համար․ քանի որ չստացվեց, նա ոչ միայն ՀՀԿ-ում, այլև հայաստանյան քաղաքականության մեջ մնալու շարժառիթ այլևս չունի․ - «Եթե էդ ժպիտը, հագուկապը, կոստյումը, ժիլետը, էս ամեն ինչը չհաշվենք, ամենահիշարժանը մնում է հենց դա, որ նա ըստ էության ամենաբարձր քաղաքական պաշտոնին էր հավակնում՝ լինելով ամենահեռուն քաղաքական մտածողությամբ: Նա սպասում էր, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվելու երրորդ ժամկետին, և էդ իմաստով, կարծում եմ, որոշակի պայմանավորվածություն եղել է, բայց հետո Սերժ Սարգսյանը, ինչպես մի շարք այլ պայմանավորվածություններից, որից նա դուրս է եկել տարբեր առիթներով, այս անգամ էլ դուրս է եկել Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածությունից: Էստեղ, իհարկե, Սերժ Սարգսյանի քաղաքական, հաշվարկային «շախմատիստ» լինելու հանգամանքն է, և Կարեն Կարապետյանի բացարձակ ապաքաղաքական լինելը»:

2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Կարապետյանը խոստացել էր մեկ տարում մոտ 850 միլիոն դոլարի ներդրում ապահովել։ Ավելի ուշ այդ գումարի մեջ ներառվեցին պետական ու համայնքային բյուջեով արված ծախսերը, Հայաստանի ստացած վարկերը:

Կարապետյանի կաբինետի անդամներն արդարանում էին, թե խոսքը միայն օտարերկրյա ներդրումների մասին չի եղել։

Հակոբ Բադալյանը կարծիքով, Կարապետյանն այդ ներդրումները խոստանում էր իշխանության դիմաց: Իշխանության փոխանցման ռեալ երաշխիքներ չեղան, չեղան նաև ներդրումներ․ - «Գործնականում հայտարարում էին հայտնի ֆիլմի դասական սխեմայի տեսքով՝ «առավոտ փողը՝ կեսօրին աթոռները, կեսօրին փողը՝ երեկոյան աթոռները»: Այսինքն իրենք, ես նկատի ունեմ Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյանին և «Հայաստանի ներդրողների ակումբ» ռուսաստանյան գործարարների շրջանակն ընդհանրապես, իրենք ուզում էին, որպեսզի իրենց իշխանությունը տնօրիներ էդ փողը: Այլապես էդ փողը բերելու իմաստ նրանք խոշոր հաշվով չէին տեսնում»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանին փոխարինած Կարեն Կարապետյանին հաջողվեց տնտեսության մեջ որոշակի շտկումներ անել, բայց Կարապետյանը համակարգային փոփոխությունների այդպես էլ չգնաց․ - «Քաղաքական կամք և ուժ էր պետք, որպեսզի դու հակընդդեմ գնաս էն ընթացքին, որը որ գնում էր։ Էս պարագայում պետք է ֆիքսենք, որ ավելի հեշտ մոտեցում նա ամրագրեց՝ ինտեգրվել համակարգի հետ և որոշակիորեն սպասողական դիրք գրավել՝ իր հետագա կարիերայի համար ավելի բարենպաստ զարգացումների համար: Որը, կարծում ենք, էդ պարագայում չի խոսում նրա մասին, որ նա ուզում էր իրապես պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ: Դա ցույց են տալիս, ինձ թվում է, նաև հեղափոխությանը հաջորդած բազմաթիվ բացահայտումները»:

Օրերս հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը ռուսական պետական Зарубежнефть-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու է։ Նա ռուսական ընկերություններում աշխատելու մեծ փորձ ունի․ 9 տարի՝ 2001-2010 թվականներին «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն, բացի այդ «Գազպրոմին» պատկանող տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG