Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան հայտարարել է իր հնարավոր ձերբակալության մասին


Հայտնի լրագրողը, ով հետաքննում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անմիջական մասնակցությամբ կոռուպցիոն գործարքները, շուրջ մեկուկես տարի բանտում է անցկացրել:

«Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նա պատմել է, որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ տարբեր աղբյուրներից նախազգուշացում է ստանում, սակայն տեղյակ չէ, թե հատկապես որ մարմինն է իր դեմ քրեական գործ նախապատրաստում:

2014 թվականին Իսմայլովային Բաքվում կալանավորել և 7,5 տարվա ազատազրկման էին դատապարտել ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանք՝ այն որակելով կեղծ, իսկ իր դեմ հարուցված քրեական գործը՝ հաշվեհարդար:

42-ամյա Խադիջա Իսմայլովան, ով նախկինում եղել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր, բազում հրապարակումներով ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանի և մտերիմների աղաղակող ապօրինությունները:

Նա բանտից ազատ արձակվելուց հետո էլ շարունակում է զբաղվել հետաքննությամբ: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պատմել է նաև, որ վերջին շրջանում պարբերաբար նկատում է, թե ինչպես են իրեն հետապնդում: Նրա խոսքերով, դեկտեմբերի 4-ին կալանք է դրվել իր բանկային հաշիվներին, ինչը պատրաստվում է վիճարկել դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG