Մատչելիության հղումներ

Ասադը ողջունել է Հայաստանի ջանքերը հետպատերազմական Սիրիայի վերականգնման գործում


Սիրիայի նախագահ Բաշար Ասադ, արխիվ

Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադը հավանություն է տվել Հայաստանի ներգրավմանը Սիրիայի տնտեսության վերականգնմանը: Երեկ Դամասկոսում Ասադը ընդունել է հայ գործարարների պատվիրակությանը:

Պետական «Սուրիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այդ հանդիպմանն Ասադն ասել է. - «Սկզբունքային դիրքորոշումը, որը ցուցաբերում է բարեկամական Հայաստանի Հանրապետությունը՝ Սիրիային աջակցելով ահաբեկիչների բանդաների դեմ պատերազմում, նրան դասում է այն երկրների շարքում, որոնց մասնակցությունը Սիրիայի վերականգնման ջանքերում առավել գերադասելի է Դամասկոսի համար»:

Այդ հանդիպմանը մասնակցել է նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանը: «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերի վերադարձի հարցը:

«Բավական հարցեր են քննարկվել: Հիմնական առանցքը կազմեց Հայաստանում ներկայումս ապրող սիրիահայերի իրավիճակը, և նրանց Սիրիա վերադարձնելու բոլոր հնարավորությունները: Պետական օրենքների հետ կապված բոլոր դրությունները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ, մանավանդ Հալեպ, և վերականգնեն իրենց արդյունաբերական ու այլ աշխատանքները», - նշեց Նաիրա Արիսյանը:

Նա ասաց, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերի ներկայցուցիչներ: Նորա Ասիրյանի փոխանցմամբ, Սիրիայի նախագահի ու Հայաստանի պատվիրակության հանդիպման երկրորդ առանցքային թեման Հայաստանի և Սիրիայի միջև տնտեսական, առևտրային հարաբերությունները զարգացնելու հնարավորությունն էր։

Նրա խոսքերով, պատվիրակության մաս կազմող հայաստանցի գործարարները հանդես են եկել իրենց առաջարկներով, որպեսզի իրենց ներդումների միջոցով կարողանան մաս կազմել Սիրիայի վերականգման ու վերակառուցման գործին:

«Այդ ներդրումները հավանաբար պիտի լինեն էներգետիկայի, կալվածքների, անշարժ գույքի ոլորտում», - ասաց նա:

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Սիրիայի վարչապետի, խորհրդարանի նախագահի, Դամասկոսի առևտի պալատի ղեկավարների հետ:

Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական Ժողովի նախագահ Համուդա ալ-Սաբաղի հետ հանդիպմանը Սիրիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանը, ով այդ պաշտոնում անցած ամիս է նշանակվել, ասել է, թե Հայաստանը դեմ է ցանկացած ագրեսիայի կամ ահաբեկչության ընդդեմ Սիրիայի, որը ամբողջական ինքնիշխանություն ունի իր տարածքների վրա և կհասնի հաղթանակի։ Դեսպանը հավաստիացրել է, որ հայաստանցի շատ գործարարներ ցանկություն ունեն ներդրումներ կատարել Սիրիայի վերականգնման փուլում:

Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի հետ կայացած հանդիպմանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել է, թե հայաստանցի գործարանները շահագրգռված են օգտվել Սիրիայում ներդումներ կատարելու հնարավորությունից և աջակցելու երկու երկրների մասնավոր սեկտորների համագործակցության զարգացամանը:

Նորա Արիսյանը ասաց, որ «ընդհանրապես բոլոր հանդիպումներում շեշտը դրվել է Սիրիա-Հայաստան տնտեսական համգործակցությունը, հարաբերությունները ակտիվացնելու, Հայաստանի կողմից լուրջ ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծելու վրա և ընդհանրապես՝ ավելի ակտիվացնելու հայ և սիրիացի գործարարների կապերը:

Սիրայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սմբուլ Սմբուլյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ Սիրիայի վերականգնմանը Հայաստանի մասնակցության մի շարք ուղղություններ է տեսնում՝ ենթակառույցների վերականգնում, շինարարություն, էլեկտրաէներգիայի բնագավառ, հեռաձայնային կապի կարգավորում, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներ:

«Երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա կարելի է շատ գործեր վստահել Հայաստանին», - ասաց Սմբուլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG