Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած բանաձևին


Հայաստանը, հերթական անգամ հակադրվելով Արեւմուտքին և պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ուկրաինայի առաջարկած Ղրիմի ռազմականացման մասին բանաձևին:

Երեկ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանը՝ Բոլիվիայի, Բուրունդիի, Կամբոջայի, Սուդանի, Զիմբաբվեի, Ուզբեկստանի ու ևս 13 այլ երկրների հետ դեմ քվեարկեց այդ փաստաթղթին, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014 թվականին բռնակցված թերակղզու տարածքում:

Ռուսասատանի առանցքային դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղըզստանը նախընտրել են ձեռնպահ քվեարկել, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը:

Միացյալ Նահանգների օգնությամբ կազմված բանաձևը ընդունվել է արևմտյան երկրների կողմ ձայների արդյունքում: Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմում ռուսաստանյան զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, բանաձևը Ղրիմի ռազմականացումը սպառնալիք է համարում ոչ միայն Ուկրաինայի, այլ այդ տարածաշրջանի մյուս երկրների համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևում իր «լուրջ մտահոգություն է հայտնում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմը աստիճանաբար ռազմականացնելու, այդ թվում սպառազինության մատակարարման՝ ներառյալ միջուկային թռչող սարքերով և հրթիռներով զինելու կապակցույթամբ»:

Աշխարհի ավելի քան վեց տասնյակ երկրներ կողմ են քվեարկել փաստաթղթին, որը նաև դատապարտում է Սև և Ազովի ծովերի շրջաններում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը, օտարերկրյա նավերի տեղաշարժերը սահմանափակելու Մոսկվայի փորձերը:

Այս փաստաթուղթը միջազգային հանրության հերթական արձագանքն է Ղրիմի թերակղզու ափամերձ գոտում շաբաթներ շարունակվող լարվածությանը: Նոյեմբերի 25-ին Սև ծովի Կերչի նեղուցում Ռուսաստանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծովային ընդհարում, ռուսաստանյան սահմանապահ ուժերը զինված հարձակում են իրականացրել ուկրաինական երեք ռազմական նավերի վրա, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել, տասնյակ ուկրաինացի նավաստիներ են գերեվարվել և Ռուսաստանում երկու ամսով նախնական կալանքի ենթարկվել: Նրանց սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում: Արևմուտքը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին՝ սպառնալով նոր պատժամիջոցներով:

«Մեր դաշնակիցների և գործընկերների համերաշխության շնորհիվ ՄԱԿ-ի ամբիոնից փաստագրվեց Կրեմլի հերթական միջազգային հանցագործությունը», - ողջունելով բանաձևի ընդունումը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: - «Եվս մեկ կարևոր քայլ Ղրիմի դեօկուպացիայի ճանապարհին: Բանաձևն արտացոլում է միջազգային հանրության միանշանակ գնահատականը Կրեմլի գործողություններին»:

Ռուսաստանը, իր հերթին, ափսոսանք է հայտնել քվեարկության արդյունքների կապակցությամբ՝ փաստաթուղթը որակելով «վնասակար ուկրաինական մտադրություն»: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին շնորհակալություն է հայտնել ռուսական ագրեսիան դատապարտող փաստաթուղթը մերժած երկրներին, Իսկ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեղադրել է իրենց գործողություններով ուկրաինական սադրանքները ընդարձակելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG