Մատչելիության հղումներ

Մայքլ Ֆլինի գործընկերներին Թուրքիայի օգտին անօրինական լոբբիստական գործունեություն ծավալելու մեղադրանք է ներկայացվել


Մայքլ Ֆլին
Մայքլ Ֆլին

Ամերիկյան դատախազությունը պնդում է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը և նրա երկու բիզնես գործընկերները 2016 թվականի աշնանը անօրինական լոբբիստական գործունեություն էին ծավալել հօգուտ թուրքական կառավարության` նպատակ ունենալով օժանդակել պաշտոնական Անկարային Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման գործում:

Ֆլինի գործընկերներին` ազգությամբ իրանցի Բիժան Քիանին, որը հայտնի է նաև Բիժան Ռաֆիեքիան անունով, ինչպես նաև թուրք գործարար Էքիմ Ալփթեքինին պաշտոնական մեղադրանքը ներկայացվեց երեկ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանում:

«Դատախազների պնդմամբ, Մայքլ Ֆլինը և նրա բիզնես գործընկեր Բիժան Քիանը մեծ գումարներ են ստացել թուրքական կառավարությունից`Գյուլենի արտահանձմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար: Նրանց գործունեությունը իր հերթին համակարգում էր Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարար Քամիլ Էքիմ Ալփթեքինը», - մեղադրական եզրակացության դրույթներն է մեջբերում Washington Post պարբերականը:

Ֆլինի և նրա մերձավորների լոբբիստական գործունեության գլխավոր նպատակը ամերիկյան հանրության շրջանում Ֆեթուլահ Գյուլենի մասին խիստ բացասական կարծիքի ձևավորումն էր:

«Հակաքարոզչական այդ արշավի շրջանակներում Գյուլենը պատկերվում էր որպես վտանգավոր մի ծայրահեղական», - նշում են ամերիկացի դատախազները` պնդելով նաև, որ թուրքական կառավարությունից Ֆլինը և նրա գործընկերները ընդհանուր առմամբ 600 հազար ամերիկյան դոլար են ստացել:

Ամերիկյան դատախազությունը երեկ դատարանին որպես ապացույց է ներկայացրել նաև գործով անցնող երեք առանցքային անձանց էլեկտրոնային նամակագրությունը: Դրանից պարզ է դառնում, որ թուրքական կառավարությունը Մայքլ Ֆլինի ստեղծած Flynn Intel Group լոբբիստական ընկերության հետ կապ է հաստատել 2016-ի անհաջող ռազմական հեղաշրջումից հաշված օրեր հետո` հուլիսի 27-ին: Սեպտեմբերին արդեն կողմերը պայմանագիր ենք կնքել, որից մի քանի օր անց էլ Ֆլինը, Քիանը և Ալփթեքինը Նյու Յորքում հանդիպել են թուրքական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ:

«Հանդիպմանը հաջորդած երկու ամիսներին Ֆլինի ընկերությունը լոբբիստական աշխատանք է տարել կոնգրեսականների, նրանց աշխատակազմերի անդամների և պետական պաշտոնյաների հետ», - նշված է մեղադրական եզրակացությունում:

Այս ամենի ֆոնին, ի դեպ, խիստ ուշագրավ է, որ այս գործի շրջանակներում Մայքլ Ֆլինին դեռևս որևէ մեղադրանք չի առաջադրվել չնայած այն հանգամանքին, որ Գյուլենի դեմ հակաքարոզչական արշավի առանցքային դրվագներից մեկի հեղինակը հենց պաշտոնաթող գեներալն էր:

2016-ի նոյեմբերի 8-ին` Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու օրը, Ֆլինը ծավալուն մի հոդված է զետեղում The Hill պարբերականում, որն ամբողջությամբ նվիրված էր թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այդ հոդվածում Ֆլինը Ֆեթուլահ Գյուլենին համեմատում էր Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի հետ:

Դատախազները հատուկ ընդգծում են, որ Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեությունը Մայք Ֆլինը ծավալել էր այն ժամանակահատվածում, երբ ակտիվորեն ներգրավված էր Դոնալդ Թրամփի քարոզարշավում որպես նրա նախընտրական շտաբի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական:

Washington Post-ի տվյալներով, սակայն, Ֆլինը ակտիվորեն համագործակցել է նախաքննական մարմինների հետ, ինչն էլ հնարավորություն է տվել պաշտոնական մեղադրանք առաջադրել Բիժան Քիանին և Էքիմ Ալփթեքինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG