Պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Օսիպյանին այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան:
Ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության, երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
Գախարիան կարևորել է Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:
Գեորգի Գախարիան հավաստել է, որ վրացական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը լինի առավել արդյունավետ և կրկին հաստատել է փոխգործակցության հետագա խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:
Վալերի Օսիպյանը կարևորել է հատկապես վերջին տարիների սերտ համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների արդյունքները:
Հանցավորությունը չունի ազգություն ու սահմաններ, ընդգծել է Հայաստանի ոստիկանության պետը, և մեր իրավապահ կառույցների գործընկերության վաղեմի ու հարուստ փորձը վկայում է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր համարժեք հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին` արդարացնելով այն ակնկալիքները, որ իրավապահներից ունի հասարակությունը:
Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: