Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում Գյուլենին արտահանձնելու ուղղությամբ


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին հավաստիացրել է, թե Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպմասն մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա մի խումբ աջակիցներին արտահանձնելու ուղղությամբ:

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, Թրամփն այս մասին խոսել է Մեծ քսանյակի՝ Արգենտինայում դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտոնական Վաշինգտոնը այս տեղեկությունը դեռ չի հաստատել: Արդեն երկրորդ տարին է, ինչ Անկարան պահանջում է Վաշինգտոնից արտահանձնել հոգևորական գործչին՝ պնդելով, թե նա է կանգնած Թուրքիայում 2016-ի հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձի հետևում: Թուրքիայի ներկայացրած ապացույցները, հիմնավորումները, սակայն, Նահանգներում հիմնավոր չեն համարել:

Գյուլենն իր հերթին է կտրականապես հերքել այդ մեղադրանքները՝ պնդելով, թե հեղաշրջման փորձի հետևում հենց Էրդողանն է կանգնած և միայն նրան էր ձեռնտու այդ իրադարձությւոնները՝ դիրքերն է՛լ ավելի ամրապնդելու համար:

Անցած ամիս Թրամփը հերքել էր ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունները, իբր Վաշինգտոնը լրջորեն մտածում է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցի շուրջ: Մինչդեռ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Վաշինգտոնի և Անկարայի միջև հնարավոր դիվանագիտական գործարքի շրջանակներում Սպիտակ տունը արդեն պաշտոնական գրություններով դիմել է Արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարներին` առաջարկելով քննել Գյուլենի արտահանձնման իրավական հիմքերը:

Բացի այդ, նախագահ Թրամփի աշխատակազմը պաշտոնական հարցում է ուղարկել Միացյալ Նահանգների ներքին անվտանգության դեպարտամենտ, ճշտելու Գյուլենի` ԱՄՆ տարածքում բնակվելու օրինականության հարցը:

NBC News-ի տվյալներով, Գյուլենին Թուրքիային արտահանձնելով Թրամփի վարչակազմը փորձում է Էրդողանից որոշակի զիջումներ կորզել` թուլացնելով Անկարայի ճնշումը Վաշինգտոնի մերձավոր դաշնակից Սաուդյան Արաբիայի նկատմամբ:

Անկարայի և Էր Ռիյադի հարաբերությունները կտրուկ սրվեցին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի` Ստամբուլում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սպանությունից հետո:

78-ամյա Ֆեթուլահ Գյուլենը՝ Էրդողանի երբեմնի աջակիցը, իսկ ներկայումս նրա ամենակոշտ ընդդիմախոսը, շուրջ երկու տասնամյակ առաջ տեղափոխվել է Ամերիկա և բնակվում է ենթադրաբար Փենսիլվանիա Նահանգնում:

Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց սպանությունների, ահաբեկչական գործողությունների, ռազմական հեղաշրջման փորձի մեջ թուրքական իշխանությունները վտարանդի գործչին են մեղադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG