Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը «աջակցել և միջամտել է» ԲՀԿ-ի հիմնադրմանը. Էդմոն Մարուքյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երբ որ հիմնադրվել է, եղել է հստակ աջակցություն և միջամտություն Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ազատություն». ֊ Պարոն Մարուքյան «Բարգավաճ Հայաստանը» արձագանքել է Ձեր երեկվա հայտարարությանը՝ Ձեր երեկվա բոլոր պնդումները համարելով մերկապարանոց։ Ասում են, որ «Մարտի 1»-ի մասով կարծում են, որ առաջիկայում Դուք ներողություն խնդրելու առիթ եք ունենալու, երբ որ իրավապահները մինչև վերջ գործը քննեն, ու ամեն ինչ պարզ լինի։ Դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել, որովհետև կարծես մեղադրում եք մի բանում Ծառուկյանին, ըստ այս տեքստի, ինչում իրականության հետ աղերս չկա։

Էդմոն Մարուքյան. - Ուրեմն ես չեմ մեղադրում, նախ մամուլն է գրել դրա մասին, և դա չի հերքվել, և պետք է բնականաբար քննություն լինի և քննություն կա, երբ քննությունը կընթանա... Մենք տեղեկություն չունենք, որ Հատուկ քննչական ծառայությունը գործողություններ է իրականացրել, օրինակ, Գագիկ Ծառուկյանին պատկանող շինություններում՝ պարզելու համար, թե արդյոք այդ ժամանակահատվածում օգտագործված զենքերից իր մոտ կա՞, թե՞ ոչ։ Դրան գումարած, որևէ հարցաքննության նա չի մասնակցել, ցուցմունք չի տվել դրա հետ կապված, և բնականաբար, կա մամուլում նյութ, որը չի հերքվել։ Հիմա Էդմոն Մարությանը հղում է անում էդ նյութին։

«Ազատություն». - Խոսքը համազգեստների մասի՞ն է։

Մարուքյան. - Այո, փաստահավաք խումբը հրապարակել է, որը հրապարակվել է մամուլում, այսինքն ոչ թե ես պետք է ներողություն խնդրեմ, եթե դա իրականությանը չի համապատասխանում, այլ պետք է փաստահավաք խմբին հարցնել՝ բա էս ի՞նչ փաստատթուղթ է։ Էդ հարցը մինչև հիմա չեն տվել, անցել է 8 տարի, ասենք եթե ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նոր է հիշել, որ 8 տարի է էդ մեղադրանքը կա և չի անդրադարձել, դա իրենց խնդիրն է։ Ընդհանրապես ես պետք է ասեմ, որ մեր խոսակցությունը ինչ որ կա, ես երեկ ստիպված եմ անդրադարձել, որովհետև սարսափելի հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ և ես, ըստ էության, բոլոր հարցերին, այսինքն ինձ հարցեր են ուղղել, ես դրանց եմ պատասխանել։ Պատասխանել եմ, որ այսօր էս ասուլիսը մենք չփչացնենք, չնվիրենք դրան։

«Ազատություն». - Դուք ասում էիք, որ Քոչարյանն է այս կուսակցության հիմնադիրը, բայց այս հայտարարությունում կրկին դա հերքվում է։ Ասվում է, եթե նա լիներ մեր հիմնադիրը, մենք այսօր կլինեինք նրա կողքին նրան սատարող որոշ քաղաքական ուժերի հետ։

Մարուքյան. - Ուրեմն բոլորս գիտենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երբ որ հիմնադրվել է, այն ժամանակ եղել է հստակ կազմակերպված աջակցություն և միջամտություն նախագահականից, Ռոբերտ Քոչարյանի կողմից, նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից. և՛ ցուցակն է այնտեղ կազմվել, և՛ բազմաթիվ փաստարկներ կան դրա հետ կապված մամուլում։ Եթե ուզում են, թող այդ թերթերին ասեն՝ հերքեք։ Ես չեմ մտնելու էդ դաշտ, թերթերից բաներ բերեմ։ Պարզ է, որ պետք է հերքեն, և նաև հասկանում եմ ինչու են հերքում, որովհետև Քոչարյանը հիմա վատ իրադրության մեջ է, մեկուսարանում է, և եթե կապ ունեն, ստիպված պետք է պաշտպանեն, եթե կապ չունեն, պետք է ասեն՝ դե կապ չունենք, դրա համար չենք պաշտպանում։ Ամեն դեպքում կարծում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտեն, որ ինչ կապ կա և ինչ ազդեցություն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG