Մատչելիության հղումներ

Միացյալ ընդդիմությունը անժամկետ բողոքի ցույցեր է սկսում Թբիլիսիի կենտրոնում


Վրաստանի միացյալ ընդդիմությունը վաղվանից Թբիլիսիի կենտրոնում անժամկետ բողոքի ցույցեր է սկսում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:

Ներքաղաքական իրավիճակը երկրում սրվել է նոյեմբերի վերջին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթող ճանաչվեց իշխող Վրացական երազանքի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին:

Երեկ, երբ նա՝ Վրաստանի առաջին կին նախագահը, ստանձնում էր լիազորությունները, վերջինիս մրցակից, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն աջակիցների հետ քննարկում էր իշխանափոխության ճանապարհային քարտեզը:

Ծրագիրը հրապարակվեց այսօր կեսօրին․ - «Մենք պահանջում ենք ամենասեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ծայրից ծայր փոխել ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու վարչակազմը, քվեարկությունն էլ անցկացնել համամասնական ցուցակներով: Իշխանությունները պետք է հրաժարվեն իրենց քրեական մեթոդներից և ընտրությունները քաղաքական հուն վերադարձնեն: Մենք սկսում ենք պայքար, որը կլինի խաղաղ, օրենքի շրջանակներում, և չի դադարի ոչ մի օր, մինչև մեր պահանջները չկատարվեն»:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներից բացի, ընդդիմադիրները պահանջում են նաև խստագույնս պատժել Գուրջանիի շրջանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին: Երեկ, երբ նրանց ավտոշարասյունը ուղևորվում էր Թելավի՝ նախագահի երդմնակալության դեմ բողոքի ցույցի, ոստիկանությունը Վելիցիխե գյուղի մոտ փակել էր ճանապարհը, սկսվել էր քաշքշուկ, ցուցարարներից երկուսը հիվանդանոց էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով: Ըստ աջակիցների, երիտասարդներից մեկի վիճակը ծանր է, այսօր նա վիրահատության է ենթարկվելու:

«Ծնոտը կոտրված է, գլխին մահակով հարվածների բազմաթիվ հետքեր կան, քիթն է կոտրված, սրա համար պատասխանատու են «Վրացական երազանքն» ու նրանց խաղատիկնիկ Սալոմե Զուրաբիշվինին»,- հայտարարել է ընդդիմության՝ Կասպիի շրջանի շտաբի ղեկավար Նուգզար Նոնաշվիլին:

Իրավապահները, մինչդեռ, արյունալի այս միջադեպից հետո միայն ցուցարարների դեմ են քրեական գործ հարուցել՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու հոդվածով: Քիչ առաջ ցուցարարներից մեկն արդեն ձերբակալվել է, ինչը նոր կրքեր է բորբոքել:

«Երեկ իմ կողքին համազգեստավոր մեկը կար, ասում էր՝ Թելավին գտնվում է անվտանգության գոտում, քանի որ այնտեղ Բիձջինա Իվանիշվիլին պետք է իր օրհնությունը տա ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոնում, և այդ պատճառով մենք չենք կարող առաջ շարժվել: Դուք պատկերացո՞ւմ եք եվրոպական որևէ երկիր, որտեղ ոստիկանությունը արգելափակի բողոքի ցույցի դուրս եկած ընդդիմության երթը», - հարցնում էր Գրիգոլ Վաշաձեն:

Մինչ ընդդիմությունը դիրքավորվում է Թբիլիսիի կենտրոնում, նորընտիր նախագահը բառի բուն իմաստով տանիք է փնտրում՝ աշխատանքի անցնելու համար: Երեկվանից պաշտոնը ստանձնած Սալոմե Զուրաբիշվիլին փաստացի նստավայր չունի, և այսօր ստիպված է եղել առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնել Թբիլսիի «Ռեդիսոն» հյուրանոցում:

Բանն այն է, որ դեռևս նախընտրական շրջանում Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե հրաժարվելու է Հավլաբարի շքեղ նախագահական նստավայրից և աշխատելու է Ատոնելի փողոցի առավել համեստ կեցավայրում, որը, սակայն, մինչև օրս պատրաստ չէ:

Զուրաբիշվիլին ու նրան աջակցող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պնդում են, թե իրենց շարժառիթը միայն տնտեսական է՝ ուզում են բյուջեի գումարները խնայել և անիմաստ միջոցներ չվատնել հսկայական շենքը պահելու վրա:

«Իրական պատճառը, սակայն, այն է, որ շենքը կառուցվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք, և հիմա նոր վարչակազմը ամեն գնով փորձում է հրաժարվել նրա թողած ժառանգությունից, ընդ որում, ոչ միայն ճարտարապետական, այլև՝ քաղաքական», - հայտարարում են ընդդիմախոսները, որոնք երեկվանից արդեն իշխանությունների դեմ վրանային ավան են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG