Արարատի քաղաքապետարանի մոտ այսօր հավաքված մի խումբ բնակիչները պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը:
Հայկյանը Հանրապետական կուսակցության անդամ է, Արարատի քաղաքապետն է 2013 թվականից:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայկյանն անցած հինգ տարիների ընթացքում որևէ բան քաղաքի համար չի արել, և 2013 թվականին էլ ընտրվել է ընտրակաշառքի շնոհիվ:
«Ամենախելացին կլինի, որ ինքը դիմում գրի, հրաժարականը տա», - «Ազատությանն» ասաց բողոքավորներից մեկը:
Հայկ Հայկյանը, մինչդեռ, համարում է, որ ինքը լեգիտիմ քաղաքապետ է և չի պատրաստվում հրաժարական տալ:
«Էդ քաղաքացիները ընդամենը 15 հոգի են, ասում են՝ դու հին մարդ ես, դու պիտի գնաս, երիտասարդները պիտի գան, ղեկավարեն: Ես էլ ասել եմ՝ եթե կգնաք, կհավաքեք չորս հազար ստորագրություն, ես հրաժարական կտամ», - լրագրողներին ասաց Հայկյանը: