Կիրակի օրը Մոսկվայի կենտրոնում, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության շենքի (ԱԴԾ) մոտ՝ Լուբյանկայում, անցել է բողոքի հավաք: Շուրջ հինգ տասնյակ մարդ էր հավաքվել, որոնք բողոքում էին ուժային կառույցների ապօրինությունների դեմ: Եվ չնայած մարդկանց քանակն այսքան քիչ էր՝ Ռուսաստանի ոստիկանությունը ուժ է կիրառել նրանց դեմ, 12 մարդ, այդ թվում նաև՝ մի անչափահաս, ձերբակալվել է:
Սա միտինգ չէր, ոչ էլ՝ երթ, ակտիվիստները բողոքի այս ակցիան կոչել էին պարզապես «Անհամաձայնների հավաք»:
Ռուսաստանցի ընդդիմադիրները մտադիր էին երեկ Մոսկվայում ավանդական մեծ երթ կազմակերպել, սակայն իշխանությունները այն չէին արտոնել, և ակտիվիստները որոշել են պարզապես հավաքվել: Նրանց մի մասը եկել էր պաստառներով:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը 78-ամյա իրավապաշտպան Լև Պոնոմարյովն էր, ում դեկտեմբերի 5-ին դատապարտել էին նախ 25 օրվա, իսկ բողոքարկելուց հետո՝ 16 օրվա ազատազրկման՝ ապօրինի ակցիա կազմակերպելու մասին սոցիալական ցանցում գրառում տարածելու համար:
Պոնոմարյովին նույնիսկ թույլ չէին տվել մասնակցել իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևայի հուղարկավորությանը:
Մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել էին, թե արդարացի՞ է համարում արդյոք մեծահասակ Պոնոմարյովի պատիժը՝ այն, որ նրան դատապարտել են 16 օրվա ազատազրկման միայն գրառման համար: Պուտինը հարցով էր պատասխանել․ - «Իսկ դուք ինչ է, ուզում եք, որ մեզ մոտ լինի այնպես, ինչպես Փարիզո՞ւմ է»: