Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անկախությանը նվիրված դռնփակ խորհրդակցություն է անցկացրել բարձրասիճան պաշտոնյաների հետ, գրում է տեղական թերթերից մեկը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրները:
Ըստ հրապարակման, փակ նիստի օրակարգում մեկ հարց է եղել՝ «ինչպես դիմակայել Ռուսաստանի ճնշումներին»:
«Մեծ խորհդակցություն էր նախագահի մոտ, բոլորն էլ պնդում էին, որ պետք է մինչև վերջ պայքարել՝ անկախությունը պահելու համար», - թերթին պատմել է նիստի մասնակիցներից մեկն՝ անանուն մնալու պայմանով:
Ավելի վաղ՝ շաբաթասկզբին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ելույթ էր ունեցել Բրեստում՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության նախարարների խորհրդում, ու հայտարարել, թե Մոսկվան պատրաստ է Բելառուսի հետ համատեղ դրամի թողարկման կենտրոն ստեղծել, միավորել մաքսային ծառայությունը, դատարանն ու Վերահսիչ պալատը:
«Այդ դեպքում երկու պետությունները կարող են միասնական հարկային քաղաքականություն վարել»,-ընդգծել էր Մեդվեդևը:
Բելառուսում այս հայտարարություններն ընդունել էին որպես տնտեսական ճնշում և անկախության սպառնալիք: Հաջորդ օրն իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե իր համար «երկրի ինքնիշխանությունը սրբություն է, որի կորստյան հետ չի համակերպվի ոչ մի դեպքում»: