Մատչելիության հղումներ

«Քաղհասարակության համար աշխատանքի ահռելի դաշտ է բացվել»


Հայաստան - Քաղհասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիա Երևանում, արխիվ
Հայաստան - Քաղհասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիա Երևանում, արխիվ

Քաղաքացիական հասարակության համար աշխատանքի ահռելի դաշտ է բացվել, կարծրատիպերը, թե ժողովրդավարական երկրում քաղհասարակությունը քիչ անելիք ունի, իրականությանը չեն համապատասխանում, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Որովհետև նախկինում մենք դրել էինք մեր առջև սահմանափակ, բայց շատ կարևոր նպատակներ՝ ամենանվազագույն ժողովրդավարական և մարդու իրավունքների ապահովումը, բայց այժմ բացվել է դաշտ, բացվել է դաշտ իշխանությունների հետ համագործակցության, բացվել է դաշտ այդ համագործակցությամբ շատ ավելի մեծ փոփոխություններ բերելու», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Իոաննիսյանը:

Տվյալ պահին ամենակարևորը, ըստ նրա, «եղած ժողովրդավարության մակարդակը ինստիտուցիոնալ մակարդակի բերելն է, այսինքն՝ այնպես անել, որ կախման մեջ չլինի անձանցից, կախման մեջ չլինի նրանից, թե վարչապետը կամ իշխանությունը լավն են, թե վատն են, ամեն դեպքում ժողովրդավարության ինչ-որ նվազագույն մակարդակ ապահովվի»: «Որ եթե վաղը չէ մյուս օր Հայաստանում լինի իշխանություն, որը այդքան էլ ժողովրդավարական արժեքները չի կիսում, միևնույն է, չկարողանա այդ նվազագույն մակարդակից վատ վիճակի հասցնել ժողովրդավարությունը՝ սա է ամենակարևորը», - շեշտեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը ևս ինստիտուցիոնալիզացնել և դարձնել անկախ իշխանությունների քաղաքական կամքից, ընտրությունների որակը դարձնել անկախ քաղաքական կամքից և երաշխավորել, որ ընտրությունները ամեն դեպքում կլինեն լավը, և նվազագույն ինչ-որ որակ կապահովվի ընտրությունների», - հավելեց Իոաննիսյանը։

Քաղաքացիական հասարակությունը «ձեռքները ծալած» չի նստելու և դիտելու, թե ինչ է անում իշխանությունը, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Հետևելու ենք իշխանության կողմից պետության վերցրած պարտավորությունների կատարման ընթացքը, սա՝ մեկ, երկրորդը՝ առաջարկություններ ենք ներկայացնելու, եթե չկատարեն, բնականաբար, նաև կունենանք քննադատական և ըստ խախտման կամ ըստ պարտավորությունների չկատարման աստիճանի շատ համարժեք քննադատական վերաբերմունք», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստելու, դիտելու, թե ինչ է անելու իշխանությունը, որովհետև մեր քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերը այս պայմաններում մեծանում է այնքանով, որ տարիներ շարունակ համակարգային չլուծված խնդիրների լուծման հնարավորությունն ենք տեսնում։ Մենք տարիներով արձանագրված համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ մեր ջանքերը է՛լ ավելի ենք կրկնապատկելու, սա՝ մեկ, և միաժամանակ՝ զուգահեռաբար հետևելու ենք, մշտադիտարկելու ենք իրավապահ մարմինների գործելակերպը»։

Իշխանության և քաղհասարակության համագործակցությունը ավելի բարձր մակարդակի վրա կլինի, կարծում են՝ համագործակցությունը կլինի բոլոր կառույցների հետ։

«Ես կարծում եմ, որ մենք նաև կաշխատենք ոլորտներում, որտեղ նախկինում գրեթե չենք աշխատել։ Օրինակ՝ սահմանապահ ծառայության բարեփոխման հարցը կա, օրինակ՝ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության բարեփոխման հարցը կա, Զինված ուժերի մասին՝ դե, նորություն չէ, քրեակատարողականի մասին ևս նորություն չէ, նախկինում ևս աշխատել ենք։ Այսինքն՝ էս առումով մենք պետք է իշխանությունների հետ..... Ես հույսով եմ, որ իշխանությունները ժամանակի ընթացքում չեն անի այն, ինչ որ նախկինում էր իշխանությունը անում, և էս առումով պետք է որ էֆեկտիվ համագործակցություն ձևավորվի», - ասաց Իոաննիսյանը։

Քաղաքացիական հասարակությունը, որը տարիներ շարունակ պայքարել է լեգիտիմ ընտրություններ, իշխանություն ունենալու համար, այս խորհրդարանական ընտրությունները գնահատեց արդար, թափանցիկ և ժողովրդավարական։ Սակայն մտահոգություններ, այնուամենայնիվ, կան։

«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ռեյտինգային ընտրակարգը դա խայտառակ ընտրակարգ է: Որովհետև մենք տեսնում էինք, որ միևնույն կուսակցության սահմաններում ռետինգային թեկնածուները իրար դեմ պայքարելուց դիմում էին այնպիսի մեթոդների, որոնք որ ժողովրդավարական հասարակությունում չպետք է լինեն, օրինակ՝ դիմում էին, չգիտեմ, թաղային հեղինակությունների աջակցությանը, և այլն, և սա ևս ռեյտինգային ընտրակարգի արդյունք է։ Ռեյտինգային ընտրակարգը դա ընտրակարգ է, որը չպետք է լինի, որը պետք է մերժել», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG