Մատչելիության հղումներ

Ռեյտինգային համակարգը խնդրահարույց է նաև ֆինանսական ու բնապահպանական առումներով


Քվեարկություն Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, 9-ը դեկտեմբերի, 2018թ․

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար տպագրված 30 միլիոն քվեաթերթիկների 90 տոկոսը հենց ընտրության օրը վերածվեց թղթի թափոնի:

Դեկտեմբերի 9-ին յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարելու համար ստացավ 11 քվեաթերթիկ, սակայն քվեատուփ գցեց միայն մեկը՝ իր ընտրության նշումով։ Մյուս 10-ը մի քանի րոպեի ընթացքում դարձան անպետք թափոն, թեև յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա պետությունը ծախսել էր 6,6 դրամ:

Միլիոնավոր քվեաթերթիկների տպագրության վրա պետությունը գրեթե 198 միլիոն դրամ կամ ավելի քան 400 հազար դոլար է ծախսել:

«Քվեաթերթիկները տպագրում ենք պետական բյուջեի և մեզ հատկացրած՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրած միջոցների հաշվին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ընտրություններից հետո արդեն թերթիկների միայն մի փոքր մասը կպահպանվի արխիվում, ավելի քան 90 տոկոսը՝ մի քանի հարյուր հազար դոլար արժեքով, կուղարկվի վերամշակման՝ կիլոգրամը 60 դրամով:

Չօգտագործված քվեաթերթիկները գործարանում մանրացվելու են, վերամշակումից հետո վերածվելու են զուգարանի թղթի։

Քանաքեռ-Զեյթունում քվեաթերթիկների համար հարմարեցվել էր թաղապետարանի պահեստը։ - «Իրոք շատ ափսոս է՝ և՛ կատարված աշխատանքը, և՛ թուղթը, և՛ գումարները, իհարկե ափսոս է։ Ռեյտինգայինն է բերում սրան, որ պետք է քվեաթերթիկները սենց բաշխվի», - «Ազատության» հետ զրույցում նշեց թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Առաքելյանը։

Հարցին՝ արդյո՞ք ափսոս չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը պատասխանեց. - «Ընդհանրապես ժողովրդավարությունը թանկ արժի և ընտրությունները թանկ արժեն։ Մեր ընտրությունները՝ համեմատած միջազգային ստանդարտների հետ, կամ մոտավոր արժեքների հետ, թանկ ընտրություններ չեն համարվում»։

Ընտրություններից հետո մինչև վերամշակման ուղարկվելը չօգտագործված քվեաթերթիկները պահվում են տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Երևանի կենտրոնի Սպանդարյանի անվան դպրոցում, օրինակ, մաթեմատիկայի դասարանն էր ժամանակավորապես դարձել չօգտագործված քվեաթերթիկների հանգրվանը։

«Ինձ թվում է՝ իրանք [ուսուցիչները] դժգոհ կլինեն, որ մենք զբաղեցրել ենք, բայց եթե ընտրության արդյունքները և ամեն ինչը նպատակաուղղված է պետության կայացման, արդար ընտրությունների, մեր երկրի լավ ապրելու ենթատեքստով, կարծում եմ, որ իրենք ևս գոհ կլինեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Կենտրոնի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։

Ավանի թիվ 6 հատուկ դպրոցում տեղակայված ընտրատարածքային հանձնաժողովի համար պարի սենյակն էին տրամադրել։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը ցույց տվեց պարկերը։ «Սրանք մակուլատուրա կոչված, մի որոշ մասը պիտի որպես ծրար հանձնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, էս ժողովրդից է գնում էդ ամենը։ Էս որ ասում են՝ չէ, վաղն էլ ընտրություն անենք, մյուս օրն էլ։ Ախր, վերջ ի վերջո, ժողովուրդը պիտի հասցնի՞ էդքան աշխատի, բյուջեն պիտի գումար լինի՞, որ էդքանը կարողանանք․․․ », - ասաց Հայրապետյանը։

Երբ Ընտրական օրենսգրքի այս նախագիծը դրվում էր շրջանառության մեջ, Բնապահպանության նախարարությունը հատուկ կարծիք կամ առարկություն չի ներկայացրել: Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ասում է՝ անգամ եթե նախարությունը կարծիք ներկայացներ, դա իրավիճակը չէր փոխի։

«Պարզ է, որ ազդեցություն չէր ունենա, որովհետև քաղաքական խնդիր է, որը Ազգային ժողովում փորձեցին լուծել և չստացվեց փաստորեն։ Բայց որ սկզբունքորեն մեր նախարարությունները՝ ոչ միայն Բնապահպանությունը, աշխատում են ինչքան հնարավոր է քիչ խառնվել տարբեր հարցերի և մի կողմ քաշվել, դա ակնհայտ է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դանիելյանը։

Իսկ ռեյտինգային համակարգը, նրա համոզմամբ, պետք է փոխել՝ այն թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական, թե՛ բնապահպանական առումներով խնդրահարույց է: «Այդքան թուղթ տպել, այդքան թուղթ օգտագործել և վերածել թափոնի՝ դա ուղղակի շատ սխալ արարք է, շատ սխալ։ Ե՛վ ֆինանսական, և՛ էկոլոգիական, և՛ քաղաքական առումով սխալ երևույթ է՝ իմ խորին համոզմամբ», - շեշտեց բնապահպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG