Մատչելիության հղումներ

Գյումրիի հաջորդ տարվա տեղական բյուջեն կկազմի 3,5 մլրդ դրամ


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Գյումրիի հաջորդ տարվա տեղական բյուջեն կկազմի 3,5 միլիարդ դրամ: Մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը այն հանրային քննարկման դրվեց: Քննարկումը բավականին թեժ անցավ, երբ պարզվեց, որ համայնքին տրվող դոտացիան 150 միլիոն դրամով ավելացել է:

Քննարկման մասնակիցները փորձեցին քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանից ճշտել՝ բնակչության թի՞վն է ավելացել Գյումրիում, թե՞ այլ գործոններ էլ կան, որ կառավարությունից հատկացվող դոտացիան ավելացել է:

«Չէ, գիտե՞ք ինչ, միայն բնակչության աճով չի որոշվում դոտացիայի չափը, ընդեղ հատուկ բանաձև կա, որտեղ հաշվի են առնում անցած հաշվետու վերջի տարիների գույքահարկի, հողի հարկի մուտքերը, իհարկե, մեր մոտ դրանք բավականին բարձր արդյունք են տվել։ Հաշվի է առնվում նաև բնակչության թիվը։ Հատուկ գործող բանաձև է, իրանք էդ բանաձևով հաշվարկ են անում և հատկացնում են դոտացիա։ Ավելացումը ես չգիտեմ կոնկրետ ինչի հետ են կապել, բանաձևը ոչ մի համայնքի չեն ասում», - պարզաբանեց Ջիլավյանը։

Հարցուպատասխանը թեժ վիճաբանության վերածվեց: Միջամտեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հորդորելով քննարկումը միտինգի չվերածել: Կրքերը հանդարտվեցին, և քննարկումը շարունակվեց:

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշում գույքահարկի նվազում են արձանագրել: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, պատասխանեցին․ - «Հաշվի ենք առել նախորդ տարիներից մեր կուտակած պարտքերի գանձումը և արտացոլել ենք բյուջեում։ Էս տարի մենք տեղադրել ենք, և բազմաթիվ դատական պրոցեսներից հետո, ծավալուն աշխատանքից հետո մենք հասկացանք, որ էդ գանձելը բավականին բարդ պրոցես է»։

Առևտրի ոլորտից էլ հարկերի հավաքագրման նվազում արձանագրեցին քննարկման մասնակիցները՝ այն դեպքում, երբ, ըստ որոշ հաշվարկների, զբոսաշրջիկների թիվն ավելացել է, բացօթյա առևտուրն էլ՝ շատ թե քիչ աշխուժացել:

«Իրականում օբյեկտների թվով է հաշվված, ու իրոք պակասել է օբյեկտների թիվը», - նշեց Բալասանյանը։

Հանրային քննարկումը մոտ երկու ժամ շարունակվեց։ Բյուջեի նախագիծը դեռ ավագանու հանձնաժողովներում է քննարկվելու և նոր միայն կներկայացվի ավագանու հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG