Այսօր Բաքվում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը, պատվիրակության կազմում էր նաև ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Մոլդովայի ԱԳ նախարարները, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի ԱԳ նախարարների տեղակալները, Թուրքիայում Ալբանիայի դեսպանը, Սերբիայի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետը:
Հանդիպումը բացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովը: Այնուհետև ելույթ են ունեցել ՍԾՏՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները:
Իր ելույթում Աշոտ Քոչարյանն անդրադարձել է ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին։ Նա նշել է, որ Հայաստանը 2018թ. առաջին կեսի նախագահության շրջանակներում վերահաստատել է իր հավատարմությունը կազմակերպության կանոնադրությունում ամրագրված սկզբունքներին և նպատակներին՝ ուղղված տնտեսական օրակարգի և բաղադրիչի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր, կշարունակի իր ջանքերը՝ ուղղված այդ ոլորտում անդամ պետությունների արդյունավետ համագործակցության ապահովմանն:
Հայաստանի ԱԳն պաշտոնյան շեշտել է, որ կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են և խարխլում են ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպման արդյունքում ընդունվել են բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, տեղի է ունեցել ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողություն․ 2019-ի առաջին կեսին կազմակերպությունում կնախագահի Բուլղարիան:
Դեկտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի աշխատանքներին: