Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ոչ բավարար է համարել «Միացյալ ընդդիմության» իրավաբանների փաստարկները Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները ապօրինի ճանաչելու համար:
Այդ ընտրություններում պարտված ընդդիմությունը պնդում է, որ քվեարկությունն անցել է համատարած խախտումներով: Գլխավոր փաստարկը իշխող կուսակցության ատաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քվեարկության նախաշեմին տված խոստումն է՝ անմիջապես նախագահական ընտրություններից հետո մարել հարյուր հազարավոր քաղաքացիների բանկային պարտքերը:
Դատարանը, սակայն, իշխող ուժի առաջնորդի այդ խոստումների մեջ ընտրական օրենսդրության խախտում չի տեսել:
Իվանիշվիլիի առաջնորդած ուժը պաշտպանում էր Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը: Ընդդիմությունը պատրաստվում է կիրակի օրը ցույց անցկացնել Թելավի քաղաքում, որտեղ նախատեսված է նախագահի երդմնակալության արարողությունը: