Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամը այս տարի ավելի շատ դրամ է հանգանակել, քան նախորդ տարի․ Արշամյան


«Հայաստան» հիմնադրամի տնօրեն ՀայկակԱրշամյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 14-ը դեկտեմբերի, 2018թ․

«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի ավելի շատ դրամ է հանգանակել, քան նախորդ տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Եթե հիշում եք՝ խոսքը գնում էր 11 միլիոն 109 հազար 631 ԱՄՆ դոլարի մասին, այսինքն՝ դա իր մեջ ներառում էր թե՛ Միացյալ Նահանգներում հավաքագրված գումարը և թե՛ Տորոնտոյում և թե՛ ընդհանրապես այդ օրը դրամահավաքի մասին էր խոսքը, և ասեմ, որ այսօրվա տվյալներով, թարմ տվյալներով՝ մենք առնվազն ունենք 14 միլիոն 115 հազար 940 դոլար», - ասաց Արշամյանը՝ շարունակելով․ - «Այսինքն, հեռուստամարաթոնից հետո այս գումարը բավական աճել է՝ ի տարբերություն անցած տարվա, երբ որ շուրջ 12 միլիոն դոլարի խոստում էր եղել, իրականում հիմնադրամ մուտք է եղել 7 միլիոն դոլար»:

Ինչպես հայտնի դարձավ Արշամյանի խոսքից, նոյեմբերին կայացած հեռուստամարաթոնից հետո հիմնադրամի հանգանակած ընդհանուր գումարն աճել է, որովհետև ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 2 միլիոն 800 հազար դոլար․ - «Հիմնականում Ղարաբաղ է ուղղվելու այդ գումարը, դրանից 900 հազար դոլարի կարգի, մինչև 1 միլիոն, տրվելու է չորրորդ երեխա ունեցող ընտանիքներին, կարծեմ 4 հազար դոլարի սահմաններում է ամեն ընտանիքին՝ չորրորդ երեխայի համար, նաև էնտեղ երիտասարդական կենտրոն է կառուցվում, և էդ կենտրոնի շինարարությունը շարունակելու է համահայկական հիմնադրամը մնացյալ գումարներով»:

«Հեռուստամարաթոն-2018»-ից հետո լրատվամիջոցները գրեցին, թե այս տարի հիմնադրամին, փաստորեն, հրաժարվեցին գումար փոխանցել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները:

Ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի՝ 14 միլիոն 115 հազար դոլարն ամբողջական թիվը չէ, և հանգանակած ընդհանուր գումարը սպասվում է, որ կաճի:

«Նաև դրա մեջ չի մտնում Արգենտինայում հավաքագրված գումարը, որովհետև էնտեղի համահայկական հիմնադրամի գրասենյակը ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դրամահավաք է իրականացրել երկու օր առաջ, և էդ դրամահավաքի արդյունքում մոտավորապես 245 հազար դոլար է հավաքվել, սակայն այդ գումարի թե որ չափն է լինելու հիմնադրամինը և էդ գումարի որ չափն է հիմնադրամի խողովակներով գալու՝ դրա մասին դեռևս այնտեղ բանակցություններ են գնում, բայց մեկ է՝ էդ գումարը հավաքագրված ընդհանուր գնալու է Գյումրի և Սպիտակ՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին էր նվիրված, և հիմնականում էդ երկու շրջաններում են իրականացվելու ծրագրեր», - նշեց Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա սեպտեմբերին հաստատեց Հայկակ Արշամյանի թեկնածությունը գործադիր տնօրենի պաշտոնում՝ երեք տարի ժամկետով:

Նախորդ տնօրեն Արա Վարդանյանը ձերբակալվել էր հուլիսի 3-ին՝ յուրացումներ կատարելու մեղադրանքով: Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ձերբակալմանը նախորդած միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ էր փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-ից մինչև 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել էր շուրջ 130 միլիոն դրամ: Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ձերբակալվելուց մեկ շաբաթ անց նա հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Այսօր ԱԱԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է:

«Հիմնադրամի նկատմամբ խորը հիասթափություն կար, ցավոք սրտի, բայց փորձել ենք որքան հնարավոր է, թե՛ այստեղի թիմի և թե՛ էնտեղի մեր գործընկերների հետ՝ Տորոնտոյում և թե՛ Լոս Անջելեսում, որքան հնարավոր է էդ վստահությունը վերականգնել», - այսօր ասաց Հայկակ Արշամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Հաշվեքննիչ պալատը ներկայումս ստուգում է հիմնադրամի գործունության նախորդ տասը տարին, ինչը նախկինում երբեք չի արվել:

«Ես չեմ պատրաստվում գնահատել հիմնադրամի նախկին աշխատանքները, որովհետև էս պահին քննություն է գնում, Հաշվեքննիչ պալատը դեռևս շարունակում է իր գործունեությունը հիմնադրամում և հիմնադրամի մասով ավարտել են հիմնականում, ուղղակի հիմա հանդիպակաց, էսպես ասած, քննություններ են կատարում, այսինքն՝ կապալառուների հետ, գործընկերների հետ հիմնադրամի, և հուսամ՝ հունվարի վերջին ընդհանուր պատկերը կլինի, և Հաշվեքննիչ պալատը կհրապարակի իր զեկույցը և դուք բոլորդ դրա մասին կիմանաք», - ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG