Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում․ ՏԱՍՍ


Ինչ է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին երեկ երեկոյան Բաքվում կայացած հանդիպման ժամանակ՝ ոչ ռուսական, ոչ էլ ադրբեջանական աղբյուրները չեն հայտնում:

Իսկ Լավրովը նախ ջերմ բարևներ է փոխանցել Ալիևին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից և հավելել, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է շարունակել նպաստել Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների նիստին: Նախատեսված են նաև նրա բանակցությունները Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Մինչ Լավրովը Բաքվում Ալիևի և Մամեդյարովի հետ բանակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով, Ռուսաստանը հայտարարում է Ադրբեջանի հետ համագործակցության նոր ուղղության մասին:

Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ միջուկային ոլորտում համագործակցության խորացմամբ: Ավելին, Ռուսաստանը արդեն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին և սպասում է Բաքվի արձագանքին: Այդ մասին երեկ երեկոյան հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսատոմ»-ում իր աղբյուրը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համագործակցության երկու սցենար կա այսօր՝ առաջին սցենարը արագ տեմպերով համագործակցությունն է, որը ենթադրում է նաև ատոմակայանի արագ կառուցում, երկրորդ սցենարը ենթադրում է աստիճանաբար խորացնել համագործակցությունը միջուկային ասպարեզում և ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսել հինգ-վեց տարի հետո:

Ընդ որում, ըստ ռուսական գործակալության, սա նոր առաջարկ չէ՝ Բաքուն և Մոսկվան այս հարցի շուրջ արդեն բանակցություններ վարում են, ռուսական կողմը նաև ակնկալում է, որ Ադրբեջանում ատոմակայանի կառուցման համար ադրբեջանական կողմը Ռուսաստանից վարկ չի ուզի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG