Մատչելիության հղումներ

Պաշտոնապես չի հայտարարվում, թե որտեղ է պահվում ՀՀ քաղաքացու մահվան համար մեղադրվող ռուս զինծառայողը


Ջուլիետա Ղուկասյան

Դատական դեպարտամենտից հաստատում են, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Միևնույն ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազությունը արդեն երրորդ օրը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը այժմ գտնվում է 102-րդ ռազմաբազայում և չի փոխանցվել հայաստանյան իրավապահներին:

Նրա կալանքի հարցը քննվել է երեկ երեկոյան Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Թե ինչ մեղադրանք է առաջադրվել ռուս զինծառայողին, դեռևս տեղեկատվություն չի տրամադրվում։

Զինծառայողը ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին՝ գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով, դեպքից միայն 8 օր անց:

Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Եթե խափանման միջոց է ընտրվել, ուրեմն նաև պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, սակայն Գլխավոր դատախազությունը ողջ օրվա ընթացքում հրաժարվեց մեկնաբանել թե ինչ մեղադրանք առաջադրվել: Նաև ռուս զինծառայողի պահման վայրի մասին հստակ տեղեկություն չկան:

Սակայն իրավապաշտպանները որոշ հրապարակումներից ենթադրում են, որ նա գտնվում է ռազմանաբազայում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, թե ռուսական կողմը կրկին խախտում է հայ-ռուսական միջպետական պայամանգիրը, ինչպես դա արեց 4 տարի առաջ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին չհանձնելով․ - «Սա հերթական անգամ հանդիսանում է հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթների կոպիտ խախտում, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ հանցավոր գործողություն կատարած ռուսական բազային զինծառայողի նկատմամբ քրեական գործը ոչ միայն պետք է վարի Հայաստանի Հանրապետության քննչական մարմինը, այլ նաև անձը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողության ներքո»:

Սաքունցի համար անհասկանալի է հայկական կողմի տեղեկատվություն թաքցնելու միտումը: Հայտնի չէ զինծառայողի անձը, վեջինս ժամկետային թե պայմանագրային զինծառայող է, և ի վերջո որտեղ է պահվում:

Արթուր Սաքունցը պարզաբանում է պահանջում եվ կառավարությունից եվ գլխավոր դատախազությունից․ - «Եվ էս պարագայում, երբ որ իշխանությունները՝ հանձինս Գլխավոր դատախազության և հանձինս կառավարության, որևէ մեկնաբանություն չեն տալիս, դա առնվազն ոչ միայն տարօրինակ է, այլ նաև արդեն իսկ անթույլատրելի է: Եվ կարծում եմ, որ պետք է թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ կառավարությունը հստակ տան մեկնաբանություն՝ ի՞նչ հիմքով է ռուսական բազայի զինծառայողը, որը կասկածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ․․․ ծեծի հետևանքով սպանության հասցրած․․․ այդ հիմքով կասկածվում է, գտնվում ռուսական բազայում»:

Իրավապաշտպանն ընդգծում է, որ եթե ռուսական բազայում է գտնվում ռուս զինծառայողը, դրանով արդեն իսկ կակսածի տակ է դրվում քաննության օբյեկտիվությունը․ - «Հերթական անգամ մենք գործ ենք ունենում ռուսական բազայի ծառայողի կողմից հանցագործություն կատարած անձի նկատմամբ հովանավորչության փաստի հետ: Որը անթույլատրելի է, և դա շատ նվաստացուցիչ է թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվության տեսակետից: Կարծում եմ, որ այդ հստակ պետք է այդ խնդիրները լուծվի և առնվազն պետք է հրապարակավ բացատրություն տրվի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և իշխանությունների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG