Մատչելիության հղումներ

Թուրքիան նոր ռազմական գործողություն կնախաձեռնի Սիրիայի հյուսիսում. Էրդողան


Մի քանի օրից Թուրքիան նոր ռազմական գործողություն կնախաձեռնի Սիրիայի հյուսիսում, որի հիմնական թիրախը կրկին լինելու են այնտեղ գործող քրդական ուժերը: Այդ մասին չորեքշաբթի օրը Անկարայում` Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք ասել ենք և այժմ էլ կրկնում ենք` մի քանի օրից մեկնարկելու է մի գործողություն, որի նպատակն է լինելու զտել Եփրատ գետից արևելք ընկած շրջանը անջատական ահաբեկիչներից», - հայտարարում էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահն, ի դեպ, համոզված է, որ ռազմական գործողությունները հնարավորություն կտան զարկ տալ սիրիական խնդրի քաղաքական լուծմանն, ինչպես նաև կարող են առողջացնել իրադրությունը Սիրիայի հյուսիսում:

Նշեմ, որ Էրդողանը Թուրքիայի հարավային սահմանների հարևանությամբ նոր գործողությունների դիմելու մտադրության մասին հայտնեց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներկայացուցիչների` Սիրիայի մասին հնչեցված հայտարարություններից մեկ օր անց:

Դեկտեմբերի 11-ին Պենտագոնը հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսում գործող ամերիկյան ստորաբաժանումները հատուկ դիտորդական կետեր կստեղծեն: Դրանց նպատակն, ըստ ամերիկացիների, լինելու է այս շրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգը և թուրքական բանակի ու քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մարտիկների միջև հնարավոր բախումների կանխումը:

«Ամերիկացի զինվորականները երբեք մեր թիրախը չեն դառնա: Մեր թիրախը այդ շրջանում ակտիվորեն գործող անջատական ահաբեկիչներն են», - հայտարարում էր Էրդողանը` բացառելով Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկացի զինվորականների հետ բախումների հնարավորությունը:

Թուրքական Hurriyet-ի պնդմամբ, պաշտոնական Անկարան մինչև վերջին պահը փորձում էր կանխելամերիկյան դիտորդական կետերի ստեղծումը սակայն անարդյունք:

«Ակնհայտ է, որ նման դիտորդական կետեր ստեղծելով` ամերիկացիները նպատակ ունեն ոչ թե մեր երկիրը պաշտպանել ահաբեկիչներից, այլ հակառակն` ահաբեկիչներին պաշտպանել մեզանից», - հայտարարում էր Էրդողանը՝ դիմելով թուրքական բանակի հրամանատարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG