Մատչելիության հղումներ

Թրամփի նախկին փաստաբանի գործով դատավճիռը կարող է հիմք դառնալ իմփիչմենթի համար


Այսօր մի քանի ժամից ակնկալվում է, որ ամերիկյան դատարանը կհրապարակի Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի երկարամյա փաստաբան Մայքլ Քոհենի մեղադրական վճիռը, ինչը կարող է շրջադարձային լինել նաև Թրամփի հետագա պաշտոնավարման համար:

Նախագահի նախկին անձնական փաստաբան և մերձավոր թիմակից Մայքլ Քոհենին առաջադրված մեղադրանքների ֆոնին Թրամփի հրաժարականի մասին խոսակցությունները ավելի են ակտիվացել:

Նախագահի փաստաբանը, մասնավորապես, մեղադրվում է երկու հանցանքներում՝ նախ, որ մասնակցել է 130 հազար դոլար գաղտնի փոխանցմանը երկու կանանց, ովքեր պետք է այդ գումարի դիմաց լռեին Թրամփի հետ ունեցած ենթադրյալ սիրային կապի մասին: Քոհենի մեղադրանքի երկրորդ դրվագը Թրամփի Մոսկովյան շինարարական նախագծերին է վերաբերում, որոնք թեև չեն իրականացվել, սակայն նա իրավապահներից թաքցրել է այդ փաստերը:

Մայքլ Քոհենը ընդունել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, նաև համաձայնել համագործակցել իրավապահների հետ, ինչը, սակայն, չի օգնի նրան խուսափել ազատազրկումից:

Դատախազների պնդմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահը անձամբ է հանձնարարել Քոենին ընտրարշավի համար նախատեսված փողը փոխանցել կանանց, ինչը քարոզարշավի ֆինանսավորման օրենսդրության կոպիտ խախտում է, քանի որ օրենքի համաձայն վճարման գումարը չի կարող գաղտնի պահվել, բացի այդ մեկ անձին վճարվող գումարի առավելագույն չափը 2700 դոլարն է:

Թրամփը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները՝ վճարումը համարելով «մասնավոր փոխանցում»: Նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին պնդում է, որ վճարումն ուղղվել է հեղինակության վերականգնմանը, այլ ոչ թե նախընտրական թեկնածությունը փրկելուն:

Սպիտակ տան ղեկավարի նախկին փաստաբանը նաև խոստովանել է, որ ստել է հետախուզության հարցերով Սենատի հանձնաժողովին, ասելով, թե Թրամփը Մոսկվայում երկնաքերեր կառուցելու որևէ մտադրություն չուներ: Իրականում, սակայն, հենց քարոզարշավի ժամանակ Քոհենը փորձել է Թրամփի շինարարական պլանները ներկայացնել Կրեմլին՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով: Այդուհանդերձ, Մոսկվայում «Թրամփ Թաուեր» չկառուցվեց: Քոհենը Թրամփի հետ քննարկել է վերջինիս հնարավոր այցը Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու, ինչը ևս տեղի չի ունեցել: Քոհենի խնդիրը, սակայն, այն է, որ այս փաստերը ամիսներ շարունակ թաքցրել է:

Մայքլ Քոհենը Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի հետ մասին անցնում են այսպես կոչված Ռաշագեյթսի գործով, որի հետաքննությունը ղեկավարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը փորձում է պարզել, թե արդյո՞ք 2016—ի նախագահական ընտրություններից առաջ Թրամփի թիմի ներկայացուցիչների և ռուս պատվիրակների հանդիպումները դավադրություն էին, որի նպատակն էր նպաստել հանրապետական թեկնածուի հաղթանակին:

Թրամփի ամենանվիրյալ թիմակցի աղմկահարույց այս խոստովանություններից հետ նախագահի իմփիչմենթի հարցով խոսակցությունները ակտիվացել են: Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, հայտարարել է, թե ամենևին էլ մտահոգված չէ։

«Ծանր է իմփիչմենտ հայտարարել նրան, ով որևէ ապօրինություն չի գործել և ստեղծել է մեր երկրի պատմության ընթացքում ամենահսկայական տնտեսությունը», ֊ «Ռոյթերիզի» հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Նա նաև հավելել է, թե իր հնարավոր պաշտոնանկությունը կարող է դիմադրության հանգեցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG