Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյանը հուսով է, որ գալիք տարում վերջապես կընդունվի «Կինոյի մասին» օրենքը


Գաղտնիք չէ, որ կինոյի ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք, շատ կինոգետների համոզմամբ, կարող են արդյունավետորեն հաղթահարվել, եթե վերջապես ընդունվի «Կինոյի մասին» օրենքը, որի հրատապության մասին խոսվում է արդեն մոտ 3 տասնամյակ, բայց ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:

Այս տարիների ընթացքում, իհարկե, բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, կինոփառատոներ կայացել, արդեն իսկ կինոգործիրչների, նոր, երիտասարդ սերունդ է ձևավորվել, որն իր հայացքներն ու ցանկություններն ունի կինոյի ոլորտի զարգացման հեռանկարում:

«Այս երիտասարդները նվիրյալներ են», - «Ազատության» հետ զրույցում շեշտում էր կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և հավելում, որ այս սերունդն անպայման պիտի աջակցություն ստանա թե՛ ավագ սերնդի, թե՛ պետության կողմից, և առհասարակ կինոն պետք է անպայման նորմալ ֆինանսավորվի պետության կողմից․ - «Ես այսօր իրավունք չունեմ չմտածել կինոյի և կինոյի մարդկանց մասին, որովհետև իմ վրա վերցրել եմ մի պարտականություն, որ կինոկենտրոնները, կինոն, Կինոյի տունը, կինոքաղաքականությունը, «Կինոյի մասին» օրենքը ճիշտ արվեն, որովհետև բավական երկար ժամանակ կինոն անուշադրության էր մատնված․․․ Արվեստագետին պետք ա միշտ օգնել»:

Հարություն Խաչատրյանի համոզմամբ, հատկապես լուրջ դերակատարում կինոյի ոլորտում ունի Մշակույթի նախարարությունը, որը պետբյուջեից գումարներ է հատկացնում Ազգային կինոկենտրոնին՝ ֆիլմերի ֆինանսավորման համար:

Հարություն Խաչատրյանի խոսքով, կինոյի ոլորտի զարգացման համար ուղղակի անհրաժեշտ է «Կինոյի մասին» օրենքը, որով շատ հրատապ, կարևոր հարցեր կկարգավորվեն․ - «Ես էլ վեց նամակ եմ գրել Մշակույթի նախարարություն տարբեր հարցերով, միշտ ստացել եմ իմ կարծիքով ոչ ճիշտ պատասխաններ․․․ Խաղաղվի քաղաքական վիճակը, և լրջորեն սկսենք զբաղվել և՛ օրենքով, և՛ կանոնակարգով»:

Նախկինում «Կինոյի մասին» օրենքի մշակմանը մասնակցում էր նաև Կինոգործիչների միությունը, բայց հիմա արդեն ոչ․ - «Մեր առաջարկները չընդունվեցին, և մենք որոշեցինք չմասնակցել դրան: Մենք հիմա պետք է շատ լրջորեն «Ոսկե Ծիրանի» հետ մեկտեղ կինոմիությունը պետք է բոլորին հավաքելով զբաղվենք «Կինոյի մասին» վերջնականապես հաստատմանը, որովհետև առանց օրենքի ամեն ինչ կլինի էսպիսի անհասկանալի, պղտոր վիճակում»:

Զրույցի վերջում Հարություն Հարությունյանը հույս հայտնեց, որ 2019-ը կլինի կինոյի տարի, և իրենք լրջորեն կզբաղվեն «Կինոյի մասին» օրենքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG