Մատչելիության հղումներ

Քաշքշոց ու լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում


Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում քաշքշոց ու լեզվակռիվ է տեղի ունեցել: «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Նիկի Մելիան խոսելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, ասել է, որ ընտրությունները կեղծվել են:

«Պատրիոտների դաշինք»-ից պատգամավոր Իրմա Ինաշվիլին մի քանի անգամ փորձել է ընդհատել նրան ու կոպտել, թե «ձայնդ կտրի ու սուս մնա»: Ինաշվիլին մոտեցել է Մելիային ու սեղանի թղթերը շպրտել նրա դեմքին:

Խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն պատգամավորներին մի քանի անգամ կոչ է արել հանդարտություն պահպանել, միաժամանակ հանդիմանելով ընդդիմադիր պատգամավորին՝ թե Նիկի Մելիան կրկես է սարքում: «Ազգային շարժումը չի կարողանում հաշտվել դառը պարտության հետ, որը մենք նրանց խոստացել էինք, սա է նրանց իրական դեմքը»,- ասել է Կոբախիձեն:

Իրավիճակը հանդարտեցրել են անվտանգության աշխատակիցները: Բայց երբ Նիկի Մելիան դահլիճից դուրս էր գալիս, իշխող «Վրացական երազանք»-ից պատգամավոր Զազա Պապուաշվիլին հարվածել է նրան:

Խորհրդարանի նախագահը տեխնիկական ընդմիջում է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG