Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Ըստ հաղորդագրության, նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման ընթացքում նույն բաժնում գրանցված տարբեր նպաստառուներից նրանց հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, ինչպես նաև նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար պահանջել և «Հայփոստ»-ի բաժանմունքի օպերատորի միջոցով 2013-2015թթ. ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 5 միլիոն 400 հազար դրամ ապօրինի վարձատրություն:
Նույն տարածքային գործակալության մեկ այլ աշխատակից նպաստառուներից պահանջել և «Հայփոստ» բաժանմունքի այլ օպերատորի միջոցով 2016-2017թթ. ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն 600 հազար դրամ ապօրինի վարձատրություն:
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ սոցիալական աջակցության նույն տարածքային գործակալության առանձին աշխատակիցներ, 2013-2018թթ. ընթացքում, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Վարդենիսի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում: Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակում և նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունք է առաքվել ընտանեկան նպաստի գումարներ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է շուրջ 14 միլիոն 376 հազար դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ Գլխավոր դատախազության, քրեական գործով ձեռք բերված նշված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2018թ. դեկտեմբերի 10-ին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերոնշյալ քրեական գործին:
2018թ. դեկտեմբերի 12-ին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դատախազությունը հիշեցնում է, որ ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել էր ձեռնարկել օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ՝ սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ։