Մատչելիության հղումներ

Ամեն ինչ հնարավոր է․ Ռուստամյանը՝ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի փոփոխության մասին


Շուրջ երկու տասնամյակ խորհրդարանում ներկայացված Դաշնակցությունը վերջին ընտրություններում պարտությունն ընդունում է՝ անցյալից դասեր քաղած:

«Ամենակարևոր դասը, ասել ենք, որ Դաշնակցությունը իր տեսակին և իր նկարագրին համապատասխան պետք է չմտնի այս կամ այն համագործակցությունների մեջ, որտեղ առանց իրեն որոշումներ են կայացնում, և վերջում պարզվում է, որ դրանից ոչ միայն Դաշնակցությունն է կորցնում իր վարկանիշի առումով, այլև երկիրը չի շահում», - «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Կիսատ քայլերից հետևություն անելով՝ առաջ են շարժվելու դեպի հունվարյան մեծ ժողով․ տոներից հետո Դաշնակցության համաշխարհային ժողովն է լինելու Երևանում: Ողջ աշխարհի դաշնակցական պատվիրակները կընտրեն ղեկավար մարմին չորս տարի ժամկետով․ - «Մենք ունենք առաջիկայում նաև ընդհանուր ժողով: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կքննարկի, կվերլուծի, և նոր էջ կուսակցության մարտավարության համար կբացվի, որովհետև հիմա մենք նոր վիճակում ենք»:

Բյուրոն 11 քաղաքական ներկայացուցիչ ունի: Այժմ Հայաստանից ներկայացված են Սպարտակ Սեյրանյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը և Կիրո Մանոյանը: 18 տարի է, ինչ այն ղեկավարում է Հրանտ Մարգարյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ կուսակցության մարտավարության վերանայման, քաղած դասերի համատեքստում Բյուրոյի ղեկավարն էլ փոխվի, Ռուստամյանն արձագանքեց․ - «Ամեն ինչ հնարավոր է: Երբեք էդպես էլ մարդիկ լավ չկարողացան էդ բանը ըմբռնել, երևի էս նոր փուլը կբերի դրան, որ էդ էլ հասկանան, որ հանիրավի մեղադրանքներ Դաշնակցությանն ուղղելը առ այն, որ Դաշնակցությունը մեկ անձ է ղեկավարում, դա բացարձակապես իրականության հետ որևէ աղերս ու կապ չունի: Ո՛չ Հրանտ Մարգարյանը, ո՛չ Արմեն Ռուստամյանը, ո՛չ որևէ մեկը Դաշնակցության մեջ առաջնորդելու, դրոշակը վերցրած և, էսպես ասած, բոլորին ստիպելու, որ իրենց ուզածով անեն, էդ կուսակցությունը չի Դաշնակցությունը»:

Հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրություններում Ազգային ժողովի անցողիկ շեմը չհաղթահարած Դաշնակցությունում նոր էջից սկսելուց կաշկանդված չեն: Այս փուլում մոտ 49 հազար ձայն ստանալն էլ Արմեն Ռուստամյանը ոգևորիչ է համարում:

Երիտասարդ դաշնակցականների դերակատարումն ակնհայտ էր այդ գործում: 128-ամյա կուսակցությունում համոզվել են, որ սերնդափոխության պահն է հասունացել․ - «Ես տեսա այն ոգևորությունը, որը մեր երիտասարդության մեջ կա, ես տեսա այն ոգևորությունը, որ մեր շարքերում կա: Այսինքն, ընդհանուր գծի առումով, գնահատումների առումով, Դաշնակցության՝ այս փուլի հասնելու և եղած բոլոր խնդիրները լուծելու առումով մեծ խնդիրներ ես չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ սա կգնահատվի, որ ընդհանուր ուղեգիծը ճիշտ է եղել: Պարզապես մարտավարական փոփոխությունների հարցեր կդրվեն: Մանավանդ հիմա տեսնում եմ, որ երիտասարդներ կան շատ լավ աճած, գիտակ, հասկանում են, վերլուծում են: Այնպես որ, մեր երթը անպայման շարունակվելու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG