Վրաստանի իշխանությունները արգելափակում են ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Բրիջիթ Բրինքի նշանակումը, որովհետև նա ենթադրաբար լավ վերաբերմունք ունի երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա քաղաքական ուժի նկատմամբ: Վկայակոչելով ամերիկացի նախկին ու գործող մի քանի պաշտոնյաների՝ այս մասին գրում է Foreign Policy հանդեսը:
Ըստ հրապարակման՝ պաշտոնական Թբիլիսին հասկացրել է, որ չի ստորագրի Բրինքին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու ագրեմանը․ դա դիվանագիտական անհրաժեշտ փաստաթուղթ է, որ տվյալ երկիրը իր համաձայնությունն է հայտնում, ընդունում է դեսպանի նշանակումը:
Սակայն երկու երկրների պաշտոնյաները Foreign Policy-ի հետ զրույցներում վիճարկելի են համարել այդ պատճառաբանությունը: Նրանք Բրիջիթ Բրինքին բնութագրել են որպես պրոֆեսիոնալի, որը երբեք վերաբերմունք չի արտահայտել Սաակաշվիլիի կամ նրա կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման նկատմամբ:
Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը կուլիսներից ակտիվորեն աջակցել է Բրինքի թեկնածությանը:
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանությունից՝ ասելով, թե Սպիտակ տունը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու պաշտոնապես դեռ չի առաջադրել: Իսկ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ «Թրամփի վարչակազմը դեսպանների պաշտոնում առաջադրում է ուժեղ, որակյալ թեկնածուների և գործադրում է բոլոր ջանքերը նշանակումները հնարավորինս արագ կատարելու համար, ներառյալ՝ Վրաստանում: Մենք չենք մեկնաբանում ներքին գործընթացի իրավիճակը»:
Վրաստանի կառավարության մամուլի խոսնակը հրաժարվել է խնդրի կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ:
Ըստ ամերիկյան ու վրացական տարբեր աղբյուրների՝ Բրիջիթ Բրինքի թեկնածությունը մերժելու որոշման հետևում կանգնած է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, երկրի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, չնայած դժվար է հաստատել այդ պնդումը:
Միլիարդատեր Իվանիշվիլին, ով իր գումարները վաստակել է 1990-ականներին Ռուսաստանում, Վրաստանում պաշտոն չի զբաղեցնում, բայց համարվում է, որ քաղաքական որոշումներ կայացնելու մեջ նա անչափ մեծ դերակատարում ունի:
Թբիլիսիի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Գիա Նոդիան Foreign Policy-ին ասել է․ - «Մենք համարում ենք, որ նա ուղիղ ազդեցություն ունի հիմնական որոշումներ ընդունելու վրա, բայց չգիտենք, թե ինչ ոլորտներում է նա սերտորեն ներգրավված կամ որտեղ է իր ցանկությունը փոխանցում ուրիշներին, դա մենք միայն կարող ենք ենթադրել»:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը ևս ավելի վաղ հաղորդել էր, որ ըստ որոշ լուրերի՝ Վրաստանի իշխանությունները արգելափակում են Բրիջիթ Բրինքի նշանակումը:
Բրիջիթ Բրինքը պրոֆեսիոնալ դիվանագետ է, եվրոպական, Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ աշխատելու մեծ փորձ ունի: Նա 2011-14 թվականներին եղել է Վրաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալը, այնուհետև նշանակվել էր պետքարտուղարի օգնական Եվրոպայի ու եվրասիական երկրների գծով:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է մնացել անցած մարտ ամսից, երբ լրացավ նախկին դեսպան Յան Քելիի պաշտոնավարման ժամկետն ու նա վերադարձավ Միացյալ Նահանգներ: Վրաստանում նախկին դեսպանը 2010-12 թվականներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահն էր: