Սովետական ԿԳԲ-ի նախկին սպա, Կրեմլի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը Բեռլինյան պատի փլուզումից առաջ նաև տխրահռչակ Stasi-ի («Շտազի»)՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության գաղտնի ոստիկանության աշխատակից է եղել: Այդ մասին վկայող գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել գերմանական արխիվներում:
Մասնավորապես, գտնվել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին մայոր Պուտինին տրված Stasi-ի վկայականը։ Այդ ժամանակ Պուտինը 33 տարեկան էր: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, վկայականի վրա առկա է նրա ստորագրությունը:
Փաստաթուղթն, ըստ էության, երկար տարիներ արխիվում աննկատ էր մնացել, և մինչ այս պահը հայտնի չէր, որ գերմանական Դրեզդենում ԿԳԲ-ի գործակալ աշխատած տարիներին՝ մինչև 1990 թվականը, Վլադիմիր Պուտինը նաև Stasi-ի հետ է համագործակցել:
«Այդ վկայականը, մասնավորապես, կարող էր օգնել նրան գործակալներին հավաքագրելու հարցում: Այդպիսով Պուտինը ստիպված չէր լինի բացահայտել, որ ԿԳԲ-ի աշխատակից է», - գերմանական Bild պարբերականի հետ զրույցում պարզաբանել է դրեզդենյան արխիվի տնօրեն Կոնրադ Ֆելբերը:
Գերմանիայում սա համարում են փոքրիկ սենսացիա, քանի որ Պուտինի անունը երբեք չէր նշվում այն փաստաթղթերում, որոնք տրվում էին խորհրդային զինծառայողներին:
Կրեմլը չի հերքել տեղեկատվությունը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ ԿԳԲ-ն և Stasi-ն գործընկեր ծառայություններ էին, և ենթադրաբար չի բացառվում վկայականների փոխանակումն այդ երկու կառույցների միջև։
Անհայտ է մնում այն, թե ինչու է Պուտինը մինչև Ռուսաստան վերադառնալը ոչնչացնելու փոխարեն վերադարձրել Stasi-ի վկայականը:
Կառույցը կոչված էր զբաղվելու հետախուզական աշխատանքներով, սակայն առանձնացել է ոչ թե հետախուզական, այլ ռեպրեսիվ գործունեությամբ՝ կոպտորեն ճնշելով ցանկացած դժգոհության դրսևորում, ծառայելով ոչ հայրենիքին, ոչ էլ ժողովրդին, այլ Կոմունիստական կուսակցությանը:
Այս կառույցի ամենասև էջերից մեկը թերևս 1973 թվականին էր. ըստ Stasi-ի արխիվներում գտնված մի հրամանի՝ հրահանգ է եղել առանց բացառության կրակ բացել բոլորի, այդ թվում՝ երեխաների վրա, ովքեր Արևելյան Գերմանիայից կանցնեն Արևմտյան Գերմանիա։