Մատչելիության հղումներ

Ամենակարևորն այս ընտրություններում այն է, որ դրանց նկատմամբ կար հասարակական լայն վստահություն. Ուրշուլա Գացեկ


«Ամենակարևորն այս ընտրություններում այն է, որ դրանց նկատմամբ կար հասարակական լայն վստահություն»,- «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ զրույցում կարծիք հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գացեկը:

Ավելի քան 300 կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդների հետ կազմակերպությունը քարոզարշավին նախորդող փուլից սկսած մշտադիտարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Գացեկի կարծիքով, կառավարությունը շատ մարտահրավերներ ունի և որոշ անճշտությունների վրա դեռ պետք է աշխատանք տարվի։

Երեկ եվրոպացի դիտորդները հրապարակել էին իրենց նախնական զեկույցը, որտեղ հայաստանյան ընտրություներին տվել էին շատ բարձր գնահատական: Այս անգամ չեն տեսել քվեների առքուվաճառքի փորձ: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի, մարդիկ ազատ էին իրենց ընտրությունը կատարելու, ինչպես նաև ընտրություններին չմասնակցելու հարցում:

«Սակայն մենք կասկածներ ունենք, որ ընտրացուցակներում ներառված մարդկանցից շատերն ապրում են արտերկրում: Այդուհանդերձ, անգամ այս դեպքում մենք տեսնում ենք, որ նախորդ ընտրությունների համամատ մասնակցությունը մոտ 12 տոկոսով ցածր էր: Սա շատ հետաքրքիր է: Բայց ընդգծենք, որ այս տարի մենք չնկատեցինք ձայների առքուվաճառք: Այսպիսով, հնարավոր է, որ երբ մարդիկ իրոք ազատ են ընտրություն կատարելու հարցում, նրանք նաև ազատ են չընտրել: Ժողովրդավարական երկրում սա նույնպես քաղաքացու որոշում է», - նշեց Ուրշուլա Գացեկը։

Դեսպանն իր խոսքում ընդծեց,ո ր ուսումնասիրել են, թե որքանով է տվյալ դեպքում Հայաստանն այս ընտրություններում հավատարիմ իր միջազգային հանձնառություններին, որքանով է այն համապատասխանում միջազգային չափանիշներին և իր իսկ Ընտրական օրենսգրքին։

«Երբեմն մարդիկ ասում են՝ կարող է պետք է առաջարկել անցում կատարել, օրինակ, խառը համակարգից դեպի համամասնական համակարգ։ Մենք չենք մտնում այս դաշտը։ Եթե ընտրություններն իսկապես արտացոլում են ընտրողների կարծիքները, մենք խնդիր չունենք դրա հետ, թե ինչ ընտրակարգ է կիրառվում», - ասաց նա:

Դիտորդները հետևել են նաև լրատվամիջոցների աշխատանքին: ԵԱՀԿ ներկայացուցիչ Իվան Գոդարկսիի գլխավորած թիմն ամենամեծն էր: Նկատել են, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ քաղաքական ուժերի հետ կապեր ունեցող հեռուստատեսությունները նախապատվությունը տվել են իրենց կուսակցության ներկայացուցիչներին, սակայն արդեն քարոզարշավի ընթացքում օբյեկտիվությունը պահպանվել է:

Դեսպան Գացեկը նաև մեծ ձեռքբերում համարեց քարոզարշավի ընթացքում անցկացված բանավեճերը՝ իր խոսքում ակնարկելով, որ վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2003 թվականին:

«Ազատ, թափանցիկ, շատ լավ կազմակերպված ընտրությունների հաղթողը ժողովուրդն էր», - ասված է երեկ հրապարկված նախանական զեկույցում:

Հարցին, թե հնարավոր է լուրջ փոխոխություններ լինեն վերջնական զեկույցում, Ուրշուլա Գացեկը պատասխանեց, թե դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուրջ բողոքներ լինեն:

«Մեծ տարբերություններ կարող էին լինել, եթե լինեին, օրինակ, լուրջ բողոքներ, ինչի մասին մենք դեռևս տեղյակ չենք, ու եթե նման լուրջ բողոքներին պատշաճ ընթացք տրված չլիներ։ Այս պահին մեզ հասնում են շատ սահմանափակ թվով ահազանգեր հնարավոր գանգատների մասին, ու մինչև ուրբաթ օրվա բողոքարկման վերջնաժամկետը դեռ ժամանակ կա։ Այնպես որ, ողջ թիմը դեռևս այստեղ է՝ երկարաժամկետ դիտորդները, հիմնական թիմը այստեղ կլինեն մինչև մյուս երեքշաբթի-չորեքշաբթի։ Ու մենք կհետևենք։ Վերջնական զեկույցի այն մասը, որ պիտի վերաբերի եզրակացություններին, չպետք է էականորեն տարբերվի այն եզրակացություններից, որոնց մասին մենք արդեն հայտարարել ենք։ Հարցը վերաբերում է առաջարկություններին։ Մենք նախկինում էլ ենք ներկայացրել առաջարկություններ, վերջին անգամ արեցինք դա 2017 թվականին։ Այդ առաջարկություններից մի մասի վերաբերյալ լուծումները իրականում տրվեցին այս տարվա ընթացքում։ Որոշ բաներ նույն են մնացել, ինչ անցյալ տարի։ Հավանաբար, մենք կրկին հանդես կգանք նման առաջարկություններով», - ասաց դեսպանը։

«Ընտրությունները իրոք ազատ էին և եթե անգամ վերջնական զեկույցում «ազատ և արդար» բառերը ներառված չլինեն, պետք չէ բացասական արձագանքել այդ ամենին: Սա ուղղակի տերմին է, որը ԵԱՀԿ-ն նախընտրում է չօգտագործել», - եզրափակեց Ուրշուլա Գացեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG