Չինաստանի արտաքին գործոց նախարարությունը հայտարարել է, թե Կանադան խախտել է հյուպատոսական պայմանագիրը, քանի որ անմիջապես չի տեղեկացրել «Հուավեյ» ընկերության բարձրաստիճան աշխատակից Մենգ Վանժոուին ձերբակալելու մասին:
«Հյուպատոսական պայմանագիրը պահանջում է, որ կողմերն անմիջապես մեկը կյուսին տեղեկացնեն քաղաքացու ձերբակալության մասին, մենք այս ձերբակալության մասին տեղեկացել ենք ոչ թե Կանադայի կառավարությունից, այլ ուրիշ աղբյուրներից»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լու Կանգը:
Մենգը «Հուավեյ» ընկերության հիմնադիր Ռեն Ժենֆեյի դուստրն է և ընկերության ֆինանսական հարցերով ավագ պաշտոնյան:
Նրան Կանադայում ձերբակալել են Ամերիկայի պահանջով, ամերիկացիները Մենգին մեղադրում են Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները շրջանցելու և ապօրինի բիզնես վարելու համար: Մենգը հերքում է մեղադրանքը: