Մատչելիության հղումներ

Խորհրդարանում կա ընդդիմություն, որը որևէ կերպ կաշկանդված չէ՝ քննադատելու իշխանության որոշումները. Լենա Նազարյան


Իշխանությունը ժողովրդական ուժի կողմից ձևավորված էր, և ընդդիմությունը նույնպես պետք է ժողովրդական լիներ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանն՝ անդրադառնալով խորհրդարան անցած ուժերին։

Նազարյանը նշեց, որ իր համար կանխատեսելի էր «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների՝ խորհրդարանում հայտնվելը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը որևէ կերպ կաշկանդված չէ՝ քննադատելու իշխանության որոշումները։

«Ազատություն». - Տիկին Նազարյան, կանխատեսելի՞ պատկեր էր Ձեզ համար՝ երեք ուժ է անցնում խորհրդարան։

Նազարյան. - Այո՛, կանխատեսելի էր և շատ բնական, շատ տրամաբանական և օրինաչափ։ Իշխանությունը ժողովրդական ուժի կողմից ձևավորված էր, և ես կարծում եմ, որ ընդդիմությունը նույնպես պետք է ժողովրդական լիներ։ Այդ իմաստով, այո՛, մերժվեցին Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները, որովհետև մարդկանց հիշողության մեջ նրանք միշտ միասին են ասոցացվել։

«Ազատություն». - «Բարգավաճ Հայաստան»-ը՝ ո՞չ, իրենք էլ են կոալիցիա կազմել։

Նազարյան. - Ինչ-որ պահերին՝ այո՛, ես կարծում եմ, որ «Բարգավաճ»-ը նույնպես ասոցացվել է, բայց կարողացան համոզել իրենց ընտրողներին։

«Ազատություն». - Այն ուժը, որը կարող էր լինել ձեր կոշտ ընդդիմությունը խորհրդարանում, հիմա, փաստորեն, հայտարարում է, որ փողոցից է պայքարելու ձեր դեմ և շարժում է սկսում՝ «Մերժի՛ր Նիկոլին»։ Իրենց հիմնական փաստարկն այն է, որ ի տարբերություն «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի՝ իրենք կաշկանդված չեն ձեզ քննադատել։

Նազարյան. - Հանրապետականի ներկայությունն Ազգային ժողովում ավելի շատ նման կլիներ մի սև խոռոչի, որը կլանում է ամեն լավն, ինչ տեղի է ունենում, որովհետև այն նեգատիվը, որ նրանք անընդհատ տարածում էին, այն տագնապահարույց մտքերն իրականում միտված էին մի նպատակի՝ նրանց խնդիրն էր անընդհատ հանրությանը համոզել, ներշնչել, որ որևէ բան չի փոխվել, որ մենք անում ենք նույնն, ինչ իրենք են անում, որ մենք պարզապես մի խումբ մարդիկ էինք, որ իշխանություն էինք ուզում։ Նրանց խնդիրն է, որ աղճատվի, անտեսվի հեղափոխության փաստը։ Ամբողջ իրենց քաղաքականության իմաստը դա էր լինելու, և ես շատ ուրախ եմ, որ նրանք Ազգային ժողովում չեն։ Ազգային ժողովում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը որևէ կերպ կաշկանդված չէ քննադատելու իշխանության որոշումները, նախագծերն այլ տեսանկյունից պաշտպանելու հանրային շահը։

«Ազատություն». - Իրատեսական համարո՞ւմ եք, որ «Մարտի 1»-ի գործով կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա դրսում հայտնված ուժերի կոնսոլիդացիոն կենտրոնը, կամ նրա ազատության համար պայքարը, գիտեք՝ հայտարարում են հանրահավաքներ սկսելու մասին։

Նազարյան. - Այո՛, հայտարարում են, բայց ես իսկապես չեմ ուզում, որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք իրենց վրա։

«Ազատություն». - Անձամբ Ձեր պլանների մասին՝ վերցնո՞ւմ եք մանդատը։

Նազարյան. - Միանշանակ։

«Ազատություն». - Տիկին Նազարյան, լուրեր էին շրջանառվում, որ խորհրդարանի նախագահությունում եք աթոռ ունենալու՝ խոսնակ, փոխխոսնակ։

Նազարյան. - Այնպես կլինի, ինչպես կորոշի իմ թիմը։ Այս կարգավիճակում, ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի մի կողմ թողնի իր ցանկությունները, տրամադրությունները և գործի այնպես, ինչպես նպատակահարմար կհամարի իր թիմը։

«Ազատություն». - Դեմ չեք, եթե առաջադրեն։

Նազարյան. - Ոչ։

«Ազատություն». - Նաև խոսնակի՞ պաշտոնում։

Նազարյան. - Խոսնակի դեպքում ես ունեմ իմ թեկնածուն մեր թիմում և պաշտպանելու եմ այլ անձի թեկնածությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG