Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը


Նարեկ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը:

Պաշտոնական աղբյուրները նշում են՝ 37-ամյա Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում:

«Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին, այդուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6-ին Պրահա-5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ», - ասաց Դանյեկը:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Չեխական աղբյուրներն էլ ընդգծում են՝ ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողության արդյունքում:

«Հետախուզման մեջ գտնվող այդ տղամարդը ձերբակալվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների օգնությամբ, քանի որ կասկածներ կային, որ նա կարող է զինված լինել: Հետագայում նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման համար նախատեսված վայր, և այժմ նրա ճակատագիրը Պրահայի շրջանային դատարանի ձեռքում է», - ասաց Չեխիայի մայրաքաղաքի ոստիկանության խոսնակը:

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե մինչև այդ հայցվոր կողմը արտահանձնման դիմում չներկայացնի, տեղի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել: Այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ միջնորդությունը չի ներկայացրել, «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն չի ուշանա:

«Այս պահին միայն կարող եմ նշել, որ դատախազությունը սահմանված ժամկետում կներկայացնի հանձնման վերաբերյալ միջնորդություն, հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք ավելի ուշ», - ասաց Խաչատրյանը:

Ի դեպ, նույն՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, հայցվոր կողմը կարող է մերժել էքստրադիցիայի միջնորդությունը, եթե այդ երկրի իրավապահները նույն անձի դեմ արդեն իսկ քրեական գործ են հարուցել իրենց տարածքում կատարված հանցագործության համար: Պրահայի ոստիկանությունը, սակայն, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց՝ Սարգսյանը ազատազրկվել է Հայաստանի կողմից ներկայացված մեղադրանքների հիմքով:

«Այդ անձի կողմից Չեխիայի տարածքում իրականացված հնարավոր քրեական հանցագործությունների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չունեմ: Մենք ձերբակալեցինք նրան, քանի որ վերջինս միջազգային հետախուզման մեջ էր: Մենք օպերատիվ-հետախուզական միջոցներով տեղեկություններ ստացանք նրա գտնվելու վայրի վերաբերյալ և այնտեղ էլ նրան ձերբակալեցինք», - ասաց Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG